Մատչելիության հղումներ

Երեւանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ


Անցած շաբաթավերջին Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները Երեւանում գաղտնի բանակցություններ են վարել: Հայաստանի մայրաքաղաքում հանդիպել են արտաքին գործերի նախարարություն Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ Կարեն Միրզոյանը եւ Թուրքիայի արտգործնախարությունում նրա պաշտոնակից Էրթան Թեզգյորը: Վերջինս Երեւան գալուց առաջ բանակցություններ է վարել նաեւ Բաքվում:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, հաստատելով լուրը, նշեց, որ բանակցությունների նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելն էր: Դա կլինի Վարդան Օսկանյանի ու Իսմայիլ Ջեմի երկրորդ հանդիպումը: Առաջին անգամ նրանք հանդիպել էին անցած ամիս Ռեյկյավիկում՝ ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի օրերին: Իսմայիլ Ջեմը վերջերս կրկին անդրադարձել էր այդ հանդիպմանը՝ ասելով, թե այն գերազանցել էր իր սպասելիքները: Հայկական կողմից նման գնահատականներ չեն հնչել:

Առաջիկա հանդիպումից ակնկալիքների մասին նույնպես Հայաստանի արտգործնախարարությունում շատ զուսպ են արտահայտվում. քննարկվելու են երկու երկրների հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող հարցեր:

Պարզ է, որ ամենակարեւոր հարցերից մեկը, եթե ոչ ամենագլխավորը Ղարաբաղի խնդրի կարագավորումն է: Մինչ այս Վարդան Օսկանյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրում նոր միջնորդների կարիքը չկա եւ «Թուրքիան եւս դա շատ լավ հասկանում է»: Օսկանյանի պարզաբանմամբ, Թուրքիայի նախաձեռնությամբ սկսված պաշտոնական այս հանդիպումների նպատակը տարածաշրջանում բարեանպաստ մթնոլորտի ձեւավորումն է եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելը:

Մայիսին Ռեյկյավիկում կայացել էր նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Թուրքիայի եւ Արբեջանի արտգործնախարարների միջեւ: Ստամբուլում եւս նախատեսվում էր այդ ֆորմատով հանդիպում անցկացնել: Նման հանդիպում, սակայն, տեղի չի ունենա,քանի որ Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը այդ օրերին Սուդանում մասնակցելու է իսմալական երկրների համաժողովին:

Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցելու է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Թուրքական եւ ադրբեջանական մամուլում հաղորդումներ եղան, թե Ստամբուլում հանդիպելու են Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Ավելի ուշ, սակայն, տեղեկատվությունը հերքվեց. Իսմայիլ Ջեմը առանձին հանդիպումներ է ունենալու Հեյդար Ալիեւի եւ Վարդան Օսկանյանի հետ:

Ստամբուլում Հեյդար Ալիեւը հանդիպում է ունենալու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Միջնորդների հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ առավել հետաքրքրական է դառնում այն բանից հետո, երբ վերջինս «փարիզյան սկզբունքներից» որոշ մարմասներ բացահայտեց՝ առաջացնելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության դժգոհությունը:

Արդեն հայտնի է, որ Մինսկի խմբի համանախագահները Ստամբուլից մեկնելու են Էստոնիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Հայաստանի նախագահի հետ: Հունիսի 24-28-ը Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնելու է մերձբալթյան երկրներ՝ Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG