Մատչելիության հղումներ

Ընտրությունների շեմին ճշտվում են ընտրացուցակները


Այս տարվա աշնանը եւ հաջորդ տարվա գարնանը Հայաստանում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների, ապա՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման շրջանակներում կառավարությունում երեկ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ ընտրական գործընթացներում ամենացավոտ՝ ընտրացուցակների հարցով:

Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած այդ խորհրդակցությունը մշակել է մի շարք մեխանիզմներ, որպեսզի ընտրական անընդմեջ գործընթացի շեմին կազմվեն նորմալ ընտրացուցակներ:

Մարզպետները մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրացուցակների ճշգրտությանը հետեւելը համայնքների իրավասությունն է եւ համայնքապետերի պատասխանատվությունը:

Մարզերից արդեն ստացվում են ցուցակները, որոնք ստուգվում են ԿԸՀ-ում: Արտակ Սահրադյանը անհրաժեշտ է համարում նման ստուգումը: «Ինչ-որ տեղ հանցավոր միտում եմ տեսնում ես այդտեղ», - ասաց նա, ավելացնելով, որ իր համար անհասկանալի է, երբ ընտրացուցակների խնդիր է ծառանում գյուղական համայնքներում, ուր հնարավոր է ունենալ ստույգ ընտրացուցակ՝ մեկ մարդու ճշգրտությամբ:

«Ես ընդհանրապես չեմ կարողանում ընկալել եւ ընդունել, որ հնարավոր չէ ընտրացուցակները հստակ ունենալ», - ասաց ԿԸՀ-ի նախագահը: Նշելով, որ Արեւմուտքում թույլատրելի են համարվում ընտրացուցակներում 5 տոկոս անճշտությունները, Սահրադյանը ասաց. - «Մենք իրավունք չունենք նույնիսկ 1 տոկոս սխալ թույլատրելու, որովհետեւ այսօր մեզ մոտ քաղաքական կրքերը առավել կոնցենտրիկ են»:

Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում թերացող համայնքապետերը, Սահրադյանը ասաց, թե արդեն ժամանակն է կիրառել Ընտրական օրենսգրքով նախատեսված միջոցները եւ միտումնավոր կեղծման համար համայնքի ղեկավարին ենթարկել դատական պատասխանատվության:

ԿԸՀ-ի նախագահը տեղեկացրեց, որ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է բոլոր մարզերում ունենալ ընտրացուցակներով զբաղվող մեկական հաստիքային աշխատող:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG