Մատչելիության հղումներ




Ուրբաթ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է հայտնի իրավաբան, իրավագիտության դոկտոր, Սահմանադրական դատարանի «Սահմանադրական իրավունք» կենտրոնի խորհրդական, Հայաստանի Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Վլադիմիր Նազարյանը:

Հանրապետական դատախազության աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե 70-ամյա Նազարյանը ինքնասպան է եղել՝ կախվելով: Ըստ նույն աղբյուրի, Վլադիմիր Նազարյանը երկտող է թողել. «Կորցրել եմ խորաթափանցությունս (գիտական): Իմ մահվան համար ոչ մեկի չմեղադրեք»:

Ազգային ժողովի պատգամավորները, ուր մինչեւ անցած տարի աշխատանքից ազատվելը երկար տարիներ Նազարյանը, ում մտերիմները Ռուբենիչ էին անվանում, գլխավորել էր իրավաբանական վարչությունը, ցնցված ու շփոթված են: «Ես ցավում եմ: Բայց իմ անձնական համոզմամբ, Ռուբենիչը այն մարդը չէր, որ ինքնասպանություն գործեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավոր Արշակ Սադոյանը:

«Վերջին անգամ երեւի մեկ ամիս առաջ եմ հանդիպել նրան», - ասաց խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: - «Շատ տխուր էր: Ես զգացի որ նման ակտիվ բնավորություն ունեցող մարդը մի տեսակ ինքնամեկուսացվել է»:

Նազարյանի մտերիմների խոսքերով, հատկապես վերջին ամիսներին Վլադիմիր Նազարյանը շատ ճնշված էր ու կարծես թե «թեւաթափ էր եղել»:

Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Նազարյանին մեկ տարի առաջ հեռացրել էր Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը: Այստեղ թերեւս դեր էին ունեցել Նազարյանի կապերը ընդդիմության, հատկապես՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ:

Որոշ ժամանակ անց Վլադիմիր Նազարյանը ընդդիմադիրների համար մշակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության իրավական հիմքերը: 2001 թվականի սեպտեմբերին իրավաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Քոչարյանին մեղադրել էր իշխանազանցության մեջ՝ պնդելով, որ 2000 թվականի գարնանը նախագահի ստորագրած մի շարք հրամանագրեր, օրինակ, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնից ազատման մասին, հակասահմանադրական էին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG