Մատչելիության հղումներ

Գեղամյանը վստահ է, որ ընտրություններում կհաղթի Քոչարյանին


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը համոզված է, որ եթե աշնանը կուսակցության համագումարը որոշի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, ապա ինքը, անկասկած, հաղթելու է:

«Նախագահ չդառնալը ես բացառում եմ այն պարզ պատճառով, որ դիմացիս հակառակորդը բացարձակապես սպառած է իրեն եւ ոչ մի հենարան չունի՝ ի դեմս հայ ժողովրդի», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արտաշես Գեղամյանը, ավելացնելով, որ համոզված է նաեւ, որ նախագահական աթոռի համար պայքարում դուրս է գալու Քոչարյանին դեմ առ դեմ:

«Ինքնասիրահարվածությամբ ես չեմ տառապում, այլ փորձում եմ ուղղակիորեն սթափ գնահատել թե' կուսակցության հնարավորությունները եւ իրական կշիռը այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, իսկ որն ամենակարեւորն է՝ երբ սեփական անձս համեմատում են ներկայիս նախագահի հետ, ապա այստեղ, գտնում եմ, կեղծ համեստությունս անտեղի է», - ասաց Գեղամյանը:

«Ազգային միաբանության» առաջնորդը համոզված է նաեւ, որ նախագահական մրցավազքին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու. «Լեւոն Հակոբովիչը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, շատ ավելի հասուն եւ կայացած պետական գործիչ է, եւ նա նման բախտախնդրության եւ արկածախնդրության չի դիմի»:

Բացատրելով երկու նախագահների մասին իր կարծիքների կտրուկ փոփոխությունը՝ 1998 թվականից մինչեւ 2000 թվականի մայիսը Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի մասին «Ազգային միաբանության» առաջնորդի կարծիքները, տրամագծորեն հակառակն էին, Գեղամյանը ասաց. «Սեփական իսկ լավատեսությունը եւ սխալ ուղղելը քաղաքական գործչի հասունության մասին է խոսում»:

Գեղամյանը ներկայացրեց նաեւ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու հիմնավորումները: Ներկայիս նախագահը, ըստ նրա, «ձախողել է թե' ներքին, թե' արտաքին քաղաքականությունը»:

Նախագահ Քոչարյանի վարչակարգի ձախողումները թվարկելիս Գեղամյանը բազմաթիվ տվյալներ ու փաստեր ներկայացրեց, այդ թվում՝ ժողովրդավարության ոտնահարման, բռնատիրական համակարգի հիմքերի հաստատման:

Ընդդիմությունը շարունակում է վճռական մնալ եւ սեպտեմբերին շարունակելու է պաշտոնանկության գործընթացը, բացառելով իհարկե առճակատումներն իշխանության հետ: Ըստ Արտաշես Գեղամյանի, առճակատում եթե լինի՝ լինելու է Քոչարյանի եւ ամբողջ հայ ժողովրդի միջեւ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG