Մատչելիության հղումներ

Գերկորուստների կրճատման արմատական լուծումը էներգետիկ համակարգի մասնավորեցումն է


Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի գերկորուստները այս տարվա առաջին կեսին անցյալ տարվա համեմատ նվազել են։ Չնայած դրան, կորուստները շարունակում են անընդունելիորեն բարձր մակարդակի վրա մնալ:

Գումարային արտահայտությամբ այս տարվա առաջին վեց ամիսներին գերկորուստները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվացել են 1,5 միլիոն դոլարով, եւ այդ միտումը շարունակական է:

Այդուհանդերձ, էներգետիկները կարողանում են համակարգից ամեն տարի առնվազն 13-14 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա գողանալ: Սա, ըստ Մովսեսյանի, ստույգ հայտնի թիվ է:

«60-70 տոկոսը վստահաբար կարելի է ասել, որ գողություն է: Իսկ մնացած 25 տոկոսը, որը վերագրվում է սուբյեկտիվ գործոնին, դա այլ հանգամանքներ են՝ կապված աշխատանքի կազմակերպման, հաշվողական համակարգի թերությունների հետ», - ասաց նա:

Էլեկտրաէներգիայի գողության փաստերի առնչությամբ թեեւ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են հեռացվել համակարգից ու տարբեր պատիժներ ստացել, սակայն, վարչաիրավական մոտեցումը, Մովսեսյանի համոզմամբ, սպասված արդյունքները չի տալիս: «Շատ դժվար է իրավական տեխնիկայի տեսակետից ապացուցել այդ գողությունը: Իհարկե, որոշ գումարներ վերականգնվում են... բայց հիմնականում այս խնդիրը իր լուծումը չունի: Վարչական մեդոթները այստեղ չեն աշխատում», - ասաց Մովսեսյանը: - «Այստեղ պետք է տնտեսական խթանների նոր համակարգի ներդրում, պետք են արմատական նոր փոփոխություններ»:

Իսկ փոփոխությունները, ըստ հանձնաժողովի նախագահի, կապված են ինչպես աշխատակազմը կրճատելու, այնպես էլ բաշխիչ ցանցերի նոր կառուցվածքի ձեւավորման հետ։ Նրա համոզմամբ, գերկորուստների կրճատման խնդիրը արմատապես կարող է լուծվել միայն համակարգի մասնավորեցման պարագայում:

«Արմատական լուծումը դա մասնավորեցումն է, ռեալ սեփականատիրոջ առկայությունը», - ասաց Մովսեսյանը:

Իսկ մինչ ցանցերին շահագրգիռ սեփականատեր կամ մասնավոր կառավարիչ կգտնվի, հարկավոր է ինչ-որ բարելավումներ անել, ասենք, նորացնել էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերը։ Տեղադրված 700 հազար ինդուկցիոն հաշվիչների 85-90 տոկոսը մաշված է, եւ ըստ Մովսեսյանի, դա հնարավորություն է տալիս տեսուչներին «միջամտել» այդ հաշվիչների աշխատանքին:

Գողացված էլեկտրաէներգիան, երբ կորուստների հաշվին դուրս գրել հնարավոր չէ, բարդվում է այլ բնակիչների վրա։ Տեսուչների փորձված հնարքներից է սա: Այդ ճանապարհով խաբված բնակիչներից ոմանք բողոքում են էներգետիկ հանձնաժողովին: Մովսեսյանի տեղեկացմամբ, իրենց հանձնաժողովը տարեկան 150-200 նման բողոքներ է ընդունում, թեեւ, այդ թիվը անհամեմատ մեծ կարող էր լինել. մարդիկ չեն դիմում, քանի որ հույս չունեն, թե ինչ-որ բան կարող են ապացուցել՝ նույնիսկ դատարանում։

Այստեղ օգնել կարող են բարձր դասի եւ ճշգրտության էլեկտրոնային հաշվիչները։ Վարդան Մովսեսյանը այսօր ասաց, թե արդեն որոշում է կայացվել առաջնությունը տալ երկսակագնային հաշվիչներին, եւ Ճապոնիայի կառավարության տրամադրած 8,5 միլիոն դոլարի երկարաժամկետ վարկով ձեռք կբերվեն երկսակագնային էլեկտրոնային հաշվիչներ։ Հաշվիչների մատակարարի ընտրության մրցույթը, ըստ Վարդան Մովսեսյանի, կկայանա հաջորդ ամսվա ընթացքում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG