Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ի գիտություն Ազգային ժողովի պատգամավորների» հայտարարությամբ բացվող «Առավոտ» թերթը խտացրել է. «Մի' նստեք գնացքի եւ նույնիսկ տրամվայի գծերին: Թե չէ կգա նախագահ Քոչարյանը եւ ձեզ, ականջից բռնած, կտանի հոգեբուժարան»: «Մեր կանխատեսումներն արդարացան», - արձանագրում է «Առավոտ»-ի խմբագրականը՝ նշելով. - «Երեկ հեղինակավոր կոնսիլիումը՝ ի դեմս ՀՀ նախագահի եւ վարչապետի, տվեց նախագահի իմփիչմենթի հարցն օրակարգ մտցրած պատգամավորների ախտորոշումը՝ նրանց որակելով որպես հոգեկան հիվանդներ։ Այս հոգեբույժների տրամաբանությամբ՝ սթափ միտք ունեցող եւ ոչ մի պատգամավոր չէր հանդգնի վարկաբեկել մեր պետականության խորհրդանիշ եւ կայունության միակ երաշխավոր Ռոբերտ Քոչարյանին։ Եվ, իրոք, նրանից իշխանությունը խլելու համար պետք է խելքը թռցրած լինել»։ «Օրրան» թերթը ուշադրություն է սեւեռում, որ երկրի ղեկավարին չի հետաքրքրում, թե որքան կլինի իր հրաժարականի կողմնակիցները թիվը: «Մեկ պատգամավոր կլինի, երկու, թե հինգ՝ դա խնդիր չէ», - հայտարարեց Քոչարյանը: «Իսկ եթե լինի ողջ ժողովո՞ւրդը», - հարցնում է «Օրրան»-ը:

Պաշտպանության նախարարի երեկվա որոշ արտահայտությունների հետքերով էլ «Հայկական ժամանակ» թերթը պնդում է. «Որքան շատ է խոսվում ներիշխանական հակասությունների բացակայության մասին, այնքան դրա գոյությունը փաստող որոշ հանգամանքներ ավելի ակնհայտ են դառնում»: Մեկնաբանի դիտարկումներով, երեկվա խորհրդարանի արտահերթ նիստը ներիշխանական այդ հակասությունների գործող անձանց բացահայտման տեսակետից խիստ արդյունավետ օր էր: Ըստ այդմ՝ եթե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խորհրդարան էր եկել, երբ օրակարգում էին «Ոստիկանական ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքների նախագծերը, ուրեմն այդ կառույցների ղեկավարները իր հովանավորյալներն են, իսկ եթե ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը միջանցքում զրուցելիս կարծիք է հայտնել, որ իշխանափոխություն չի լինի, ուրեմն՝ պատկանում է նախագահի թիմին: «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ներիշխանական բախման մեջ կողմնորոշվել եւ կողմնորոշվում են ոչ միայն նախարարներն ու պաշտոնյաները, այլեւ ԱԺ պատգամավորները: Ըստ մի քանի պատգամավորների, խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանը անհամեմատ ավելի շատ կողմնակիցներ ունի, քան Սերժ Սարգսյանը, սակայն վերջինս կարող է հենվել նաեւ ընդդիմության վրա, որը իր էությամբ հակաքոչարյանական է», - ընդհանրացրել է մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ» թերթը բացահայտումային հակվածությամբ համադրում է, թե «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում փաստաբան Յունոշեւի վերջին շրջանի ակտիվացումն ու խորհրդարանում իմփիչմենթային շարժերը հստակ փոխկապակցված են եւ ուղղորդվում են նույն կենտրոնից: «Ինչո՞ւ չենթադրել, որ թե' մեկ, թե' մյուս գործընթացը «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կազմակերպած, մինչ օրս ստվերում մնացած ուժերն են ուղղորդում՝ ցանկանալով ահաբեկչությունը հասցնել վերջնակետին», - բխեցնում է «Հայոց Աշխարհ»-ը: Այս առումով մասնավորապես փաստարկված է. - «Ուշագրավ են այն տեղեկությունները, որ Օլեգ Յունոշեւը հայտնաբերվել եւ Հայաստան է հրավիրվել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գործուն մասնակցությամբ: Այլ տեղեկությունների համաձայն, Յունոշեւի հայրը եւս գեներալ է, ընդ որում, ասում են, թե հատուկ ծառայությունների սպա է»:

«Հայկական ժամանակ»-ը տպագրել է ՀՀՇ վարչության հայտարարությունը, ուր ասված է. «Հայաստանի ներկայիս իշխանությունները սկսում են իրականացնել «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը: Սպառելով Հայաստանի պետականության քաղաքական ու տնտեսական զարգացման բոլոր կարգի ռեսուրսները եւ ցամաքեցնելով դրանց առաջացման աղբյուրները՝ Քոչարյանի վարչախումբը սկսում է մեր երկրի անկախության հիմքերի քայքայման, պետական ունեցվածքը այլ պետության կամ պետությունների սեփականությանը վերածելու գործընթաց... ՀՀՇ-ն գտնում է, որ Ռուսաստանի համար որպես պետական սեփականություն Հայաստանում էներգետիկ, հանքարդյունաբերության եւ այլ կարեւորագույն ճյուղերի ձեռնարկությունների ձեռքբերումը առաջին հերթին քաղաքական ճնշման հզոր միջոց է ծառայելու՝ Հայաստանին իր շահերի համար օգտագործելու նպատակով»:

Արտաքին եւ ներքին անցուդարձի խիստ փոխկապակցվածության հանգույցում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը տեսնում ներկայիս մոտեցումները Ղարաբաղյան կարգավորման խնդրին: «Հունիսի 18-ին Լիսաբոնում սկսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքը առանձնանում է նախ եւ առաջ նրանով, որ հաջորդում է Պուտին - Բուշ հանդիպմանը: Ուստի մեզանում արդեն կարծիքներ են արտահայտվում, որ ահա վերջապես Լիսաբոնով սկիզբ է առնում Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը: Սակայն», - ընդգծում է մեկնաբանը, - «ներկայումս ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը գտնվում են այնպիսի լարված մթնոլորտում, որը բացառում է ցանկացած փոխզիջումային տարբերակի ընդունման հավանականությունը՝ երկու երկրների ու ժողովուրդների կողմից»: Գերտերությունները հիմա խթանում են բանակցային գործընթացը՝ «լավ իմանալով, որ տեսականորեն անգամ գոնե մինչեւ 2004 թվականը իրական չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հավանականությունը»: Եվ նրանց բուն նպատակը, մեկնաբանի հայացքով, պարզապես այս ընթացքով առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է՝ հետընտրական շրջանում իրենց անհրաժեշտ իշխանություններ ու համապատասխան քաղաքական մթնոլորտ ձեւավորելու համար եւ' Ադրբեջանում, եւ' Հայաստանում: Ղարաբաղյան խաղաքարտը Ռուսաստանի համար «դառնում է առավելապես Ադրբեջանի, իսկ ԱՄՆ-ի համար՝ հիմնականում Հայաստանի նախընտրական գործընթացների վրա ներազդելու կարեւորագույն լծակ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG