Մատչելիության հղումներ

Ալիեւը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակ է հետապնդել





Այսօր Հայաստանի նախագահը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փարիզյան սկզբունքների» իր տարբերակը: Ռոբերտ Քոչարյանը ենթադրություն հայտնեց, թե Ալիեւի հայտարարությունը տարածքների փոխանակման վերաբերյալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակ է հետապնդում: Նախագահը նաեւ կոշտ բնորոշումներ ու սպառնալիքներ ուղղեց իր պաշտոնանկությանը հետամուտ ընդդիմադիր պատգամավորներին:

Երեւանի «Ալմաստ» գործարան այցելության ժամանակ երեքշաբթի օրը Հայաստանի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նախ Հեյդար Ալիեւի անցած շաբաթ արած հայտարարությանը 2001 թվականի մարտին Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում տարածքների փոխանակման վերաբերյալ իբր ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Խոսքը գնացել է Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սուվերեն միջանցքի մասին [Լաչինի միջանցքը]: Մեղրիով խոսքը միշտ գնում էր միայն ճանապարհի, հաղորդակցության իրավունքի մասին», - ասաց նախագահը պարզաբանելով՝ - «անգլերեն access»: Այլ պայմանավորվածություններ, ինչպես ասաց Քոչարյանը, չեն եղել:

Ադրբեջանի նախագահը պնդել, թե Լաչինի եւ Մեղրիի միջանցքները պետք է հավասարազոր կարգավիճակ ունենային:

Միջանցքների կարգավիճակի վերաբերյալ երկու նախագահների հայտարարությունների տարաձայնության վրա լույս կարող է սփռել Քի Ուեսթում ձեւավորված նախնական փաստաթղթերի հրապարակումը: Սակայն նման մտադրություն հայկական կողմը չունի:

«Մենք, իհարկե, փաստաթղթերն ունենք», - ասաց Քոչարյանը: - «Հրապարակելու անհրաժեշտություն, իմ կարծիքով, հիմա չկա»:

Ռոբերտ Քոչարյանը ասաց, թե Ալիեւի անսպասելի հայտարարությունը չի կարող որեւէ կերպ ազդել երկու նախագահների՝ նախատեսվող հանդիպման վրա, որի մասին խոսվում է Չեխիայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների բանակցություններից հետո:

«Ոչ մի ազդեցություն չի ունենա», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Իհարկե, պետք է հանդիպենք եւ բանակցենք: Ավելի քիչ հաճույքով, բայց գործը մնում է գործ, կոնֆլիկտը դեռ գոյություն ունի, եւ կոնֆլիկտի կարգավորումը բոլորիս համար կարեւորագույն խնդիր է: Բայց չպետք է փորձենք մեկս մյուսի համար տհաճ պահեր ստեղծենք, հատկապես, երբ իրականությանը չհամապասխանող ինֆորմացիա է տարածվում»:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ալիեւը հիմա է որոշել հանդես գալ «փարիզյան սկզբունքների» գոյության խոստովանությամբ եւ միջանցքների փոխանակման մասին հայտարարությամբ, Հայաստանի նախագահը ենթադրություն հայտնեց, թե Ադրբեջանում բոլոր եզրակացությունները կարծես անում են՝ հիմնվելով Հայաստանի ընդդդիմադիր մամուլի վրա: Իսկ ըստ այդ մամուլի, Ադրբեջանում երեւի տպավորություն է ստեղծվել, թե Քոչարյանի վիճակն այնքան վատ է, որ եթե մի բան էլ ավելացնեն, վիճակը կպայթի ու բանակցային գործընթացում «ոչ հարմար» Քոչարյանից կազատվեն:

«Կարծում եմ, իրենք մտածում էին, որ սրանով ինչ-որ նոր նյութ են տալիս ընդդիմությանը, նախագահ Քոչարյանի դեմ ակտիվ գործունեություն ծավալելու համար», - ասաց նախագահը:

Հեյդար Ալիեւի հայտարարության նպատակը, հնարավոր զարգացումները Ռոբերտ Քոչարյանը կապում է ներքաղաքական վիճակի, ընդդիմադիր մամուլում ներկայացված պատկերի հետ: Ազգային ժողովի անցած նստաշրջանի վերջին եռօրյայի ընթացքում պատգամավորների մի խումբ պահանջում էր նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել, ինչը, որոշ դիտորդների կարծիքով, հանգեցրեց խորհրդարանական ճգնաժամի: Այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում միջամտելու է, սակայն չմիջամտեց:

«Ես չեմ միջամտել այն նիստի ժամանակ մեկ պատճառով», - այսօր ասաց նախագահը: - «Ե'վ վարչապետը, եւ' Ազգային ժողովի նախագահը ինձ այդ օրվա ընթացքում մի քանի անգամ խնդրել են չմիջամտել՝ խնդրանքով, որ իրենք կփորձեն կարգավորել հարցերը սեփական ուժերով»:

Նախագահը նաեւ պարզաբանեց, թե ինչպիսին կարող է լինել իր միջամտությունը: Նրա խոսքերով, պատգամավորի անձեռնմխելությունը ճիշտ չի մեկնաբանվում: Այո, չի կարելի առանց խորհրդարանի համաձայնության պատգամավորի դեմ քրեական գործ հարուցել, վարչական տույժերի ենթարկել, «բայց դա չի նշանակում, որ խուլիգանության պահին կամ ինչ-որ արարքների պահին իրավապահ մարմինները իրավունք չունեն ուղղակի մեկուսացնել մարդկանց»:

«Եթե ինչ-որ մի շեղված պատգամավոր վաղը նստի երկաթուղային գծերի վրա, դա չի նշանակում, որ Հայաստանի ամբողջ բեռնափոխադրումները կարող են կանգ առնել: Ականջներից բռնելու ենք, տեղափոխելու ենք ներքին գործերի բաժին, եւ երկաթուղին կաշխատի», - իր համեմատությունը սպառնալիքով ավարտեց նախագահը: - Այդ պատգամավորներին իրավապահ մարմինները «ամբիոնից տեղափոխելու են համապատասխան վայրեր եւ պահելու են այնքան, ինչքան պետք է մինչեւ նիստի ավարտը: Մեկ պատգամավոր կլինի, երկու, երեք թե հինգ՝ դա խնդիր չէ»:

Եթե սեպտեմբերին նորից փորձեն պաշտոնանկության հարցը բարձրացնել, «դուք կտեսնեք, թե ինչ հնարավորություններ ունեն մեր իրավապահ մարմինները՝ որոշ պատգամավորներին կարգի հրավիրելու համար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը, ավելացրելով, որ, դա նաեւ իր պարտավորությունն է լինելու, որովհետեւ Սահմանադրության համաձայն նախագահը պարտավոր է ապահովել օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների բնականոն աշխատանքը:

«Քանի որ ներկայիս օրենքը նման վիճակը չի կարգավորում, ուրեմն ես այդ վիճակը կկարգավորեմ իմ հրամանագրով, ինչի իրավունքը եւս Սահմանադրությամբ ունեմ», - ասաց Քոչարյանը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե մինչեւ երբ են անարձագանք ու անպատիժ մնալու իրեն բաց տեքստով «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպելու մեջ մեղադրողները, Քոչարյանը ասաց, թե հնարավորին չափով զուսպ էր, որպեսզի իրեն չմեղադրեն դատարանի վրա ճնշում գործադրելու մեջ, բայց դատական պրոցեսն արդեն այնպիսի փուլ է մտնում, որ իրեն ավելի ազատ է համարելու եւ նման հայտարարություններ անողների վերաբերյալ մոտակա ժամանակներում շատ հստակ կարծիքներ է հայտնելու:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG