Մատչելիության հղումներ

Երեւանում բացվել է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը


Հայաստանի եւ սփյուռքի գրողները առաջին անգամ հավաքվել են համահայկական խորհրդաժողովի: Աշխարհի 15 երկրներից Երեւան ժամանած հայ գրողները գրեթե մեկշաբաթյա համաժողովի ընթացքում կքննարկեն սփյուռքում եւ Հայաստանում ձեւավորված գրական միջավայրի եւ արդի հայ գրականության վիճակին վերաբերող հարցեր: Նախատեսվում է նաեւ համահայկական բարեգործական հիմնադրամի ստեղծում:

«Առաջին անգամ հայ գրողները սփյուռքից եւ Հայաստանից հավաքվում են իրար գլխի», - ասաց համաժողովի կազմակերպիչներից Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: - «Իհարկե, հիմնական առանցքը, գերխնդիրը մեր գրական հոգսերն են: Անկախ Հայաստանում հավաքվել են գրողները՝ ստեղծագործական երկու դաշտում ստեղծված արժեքները գնահատելու»:

Լեւոն Անանյանի ընդգծմամբ, կարեւոր է հայ գրականությունը դիտել մեկ հարթության վրա. ոչ թե սփյուռքի գրականություն եւ Հայաստանի գրականություն, այլ՝ հայ գրականություն:

Համաժողովի մասնակիցներին բաժանվել են դասական ուղղագրությանը վերադառնալուն վերաբերող հարցաթերթիկներ, որոնց ամփոփումից հետո, ըստ Լեւոն Անանյանի, կկազմավորվի հանձնաժողով սփյուռքահայ եւ հայաստանցի լեզվաբաններից՝ այդ «ցավոտ հարցը քայլ առ քայլ լուծելու» համար:

Բանաստեղծ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հովհաննեսը իր ելույթում ասաց, թե ոչ մի համագումար որեւէ գրական հարց չի լուծում: «Գրականությունը ստեղծվում է այլ տեղերում, գրականությունը ավելի ինտիմ գործ է», - ասաց նա, ավելացնելով, թե կենսական նշանակություն ունի այլ հարց. - «Այդ մտավոր ներուժը [գրողների] ինչպես պետք է օգտագործվի մեր ընդհանուր, համահայկական՝ ոչ միայն գրական գործի համար:

Ստեղծվելիք համահայկական բարեգործական հիմնադրամը նպատակ է ունենալու հոգալ Հայաստանի եւ սփյուռքի գրողների ստեղծագործությունների տպագրության հոգսերը:

Համաժողովը կշարունակվի մինչեւ հունիսի 21-ը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG