Մատչելիության հղումներ

Պետեկամուտների նախարարությունը ստվերային տնտեսության դեմ պայքարում անցնում է գործնական քայլերի


Սովետաշենի աղբավայրում այսօր ոչնչացվեց ներքին շուկայում բռնագրավված 2000 շիշ ալկոհոլային խմիչք՝ օղի, կոնյակ, գինիներ։ Այդ ապրանքը, ըստ պետեկամուտների փոխնախարար Մանվել Եգանյանի, հիմնականում առգրավվել է տոնավաճառներից։

Գործող կարգի համաձայն մինչեւ 20 հազար դրամ արժեքով չդրոշմավորված ապրանք հայտնաբերվելու դեպքում այն առգրավվում է, իսկ վաճառողները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ 100-300 հազար դրամի չափով։ Վաճառվող ապրանքի արժեքը 20 հազար դրամը գերազանցելու դեպքում քրեական գործ է հարուցվում, ու այս պարագայում ապրանքը անմիջապես չի ոչնչացվում, այլ ծառայում է իբրեւ հանցագործության իրեղեն ապացույց։

Ներկա դրությամբ, ըստ Մանվել Եգանյանի, դատախազությունում մեկ տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցված։ Փոխնախարարի խոսքերով, ընդամենը երկու ստուգայցերի ընթացքում առգրավվել է 8000 շիշ ցածրօրակ օղի, 15 հազար տուփ չդրոշմավորված, այսինքն՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված ծխախոտ։

Պետեկամուտների նախարարությունը զգուշացնում է, որ առգրավված ապրանքների ոչնչացման պրակտիկան լինելու է շարունակական:

«Այս գործընթացը ժամանակավոր բնույթ չի կրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փոխնախարարը: - «Ընդհակառակը՝ գնալով ավելի ենք ուժեղացնելու, որպեսզի ստվերը այս ոլորտներում վերացնենք»: Նրա խոսքերով, հետագայում կառավարությունը կարող է կարգ ընդունել նաեւ մաքսանենք ճանապարհով ներմուծված կամ տեղում ապօրինի արտադրված կամ որակի ու ստարդարտի առումով հաստատված պահանջներին չհամապատասխանող այլ ապրանքատեսակների ոչնչացման մասին:

Մաքսանենգ ճանապարհով ներկրված կամ տեղում ապօրինի արտադրված ապրանքը ոչնչացնելով, պետեկամուտների նախարարությունը փորձում է փակել ստվերի ճանապարհը: Փոխնախարարի խոսքերով, տնտեսվարող սուբյեկտի համար այժմ (երբ գործում է ոչնչացման կարգը) ավելի ձեռնտու կլինի իր ապրանքը օրինական կերպով արտադրել, օրինական կերպով ակցիզը ստանալ նախարարությունից:

Գաղտնիք չէ, որ ոգելից խմիչքի արտադրությունը բիզնեսի շահութաբեր ոլորտներից է։ Դրա ստվերային հատվածի ընդգրկման ծավալները, պարզվում է, հայտնի չեն պետեկամուտների նախարարությանը։ Համենայնդեպս, պետեկամուտների փոխնախարարը դժվարացավ ստույգ թվեր ասել: «Ստվերը որ այդ ոլորտում կա՝ միանշանակ է», - ասաց Եգանյանը: - «Ստվերը սկսվում է հենց պրոցեսից՝ շիշ ձեռք բերելուց, սպիրտ ձեռք բերելուց մինչեւ վերջ՝ ակցիզ, դրոշմանիշ, պիտակ եւ այլն: Մինչեւ վերջ էլ կա: Բայց թե որ տոկոսն է կազմում հենց այդ ոլորտում, չեմ կարող ասել»:



Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG