Մատչելիության հղումներ

Հայաստանը հերքում է տարածքների փոխանակման մասին Ալիեւի հայտարարությունը





Պաշտոնական Երեւանը շաբաթ օրը հերքել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի երեկվա հայտարարությունը, թե անցած տարի համաձայնություն էր ձեռք բերվել Մեղրու եւ Լաչինի միջանցքների փոխանակման վերաբերյալ:

Բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է, որ 2001 թվականի մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությամբ Լաչինը դառնալու էր սուվերեն տարածք՝ Հայաստանի Հանրապետության կազմում, մինչդեռ Մեղրու միջանցքը սոսկ երաշխավորված հաղորդակցության ուղի պիտի լիներ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ:

Ալիեւը երեկ պնդել էր, թե համաձայնությունը նախատեսում էր տարածքների հավասարազոր փոխանակում: Նրա խոսքերով, դա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված մի շարք համաձայնություններից մեկն էր:

«Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Մեղրու միջանցքի բացումը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի բացման դիմաց», - ըստ «Թուրան» գործակալության, ասել էր Հեյդար Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Հյուգ Պերնեի հետ հանդիպման ժամանակ: Այս համաձայնությունները, սակայն, հայկական կողմը խախտեց Քի Ուեսթի բանակցությունների ընթացքում, ավելացրել էր Ալիեւը:

Հայաստանի նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը հերքեց Ալիեւի պնդումները՝ ասելով, թե «պետք չէ նրա ամեն հայտարարություն լուրջ ընդունել»:

«Որպես Քի Ուեսթի բանակցություններին անձամբ մասնակցած անձ, կարող եմ հաստատապես հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի որեւէ մասի ինքնիշխանության զիջման, Ադրբեջան - Նախիջեւան սուվերեն միջանցքի մասին իբր ձեռքբերված համաձայնության վերաբերյալ խոսակցություններն անհեթեթ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վահե Գաբրիելյանը: - «Ինչ վերաբերում է պայմանավորվածություններից հրաժարվելուն, ապա տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ հրաժարվել է Ադրբեջանը: Հեյդար Ալիեւի խոսքերի ճշմարտացիության աստիճանի մեջ համոզվելու համար բավական է հիշել միայն, որ մեկ տարուց ավելի նա համառորեն ժխտում էր փարիզյան սկզբունքների գոյությունն իսկ»:

Ըստ բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրի, երկու միջանցքների կարգավիճակների համազորություն Փարիզում չի արձանագրվել, ինչպես պնդում է Հեյդար Ալիեւը: Մի դեպքում (Լաչին) գործ ունենք սուվերեն տարածքի կարգավիճակի, իսկ մյուս դեպքում (Մեղրի)՝ պարզապես օգտագործվելիք հաղորդակցության ուղու հետ:

Փարիզյան սկզբունքները, ըստ նույն աղբյուրի, Քի Ուեսթում փաստաթղթային արձանագրում են ստացել, եւ այդ փաստաթուղթը առկա է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի մոտ: Հայկական կողմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնության դեպքում, պատրաստ է հրապարակել այդ փաստաթուղթը:

Ադրբեջանական կողմը մինչեւ Ալիեւի երեկվա հայտարարությունը ամենաբարձր մակարդակով միշտ հերքում էր «փարիզյան սկզբունքների» գոյությունը: Անված տարվա օգոստոսի 4-ին Ալիեւը Բաքվում լրագրողներին ասել էր, թե Փարիզում քննարկվել են «սոսկ տարբերակներ»: Նման հայտարարություններով հանդես էր եկել նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը:

Իսկ երեկ Ալիեւը ընդունեց «փարիզյան սկզբունքների» գոյությունը, դրանք խախտելու մեջ,սակայն, մեղադրեց հայկական կողմին:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի, միջանցքների համազորության պահանջը առաջացել է ավելի ուշ, երբ Ալիեւը Քի Ուեսթից վերադարձել է Բաքու: «Հենց դա էլ պատճառ է դարձել, որ տապալվի փարիզյան գործընթացը, ուստի տվյալ դեպքում խոսք անգամ չի կարող լինել հայկական կողմի՝ համաձայնություններից հրաժարվելու մասին», - ասաց իր անունը հրապարակել չցանկացած աղբյուրը:

Հայկական կողմը դրանից հետո բազմիցս մեղադրել է ադրբեջանական կողմին՝ ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելու համար:

«Հեյդար Ալիեւի խոստովանությունը, որ պատրաստ է եղել Հայաստանի հետ փոխանակել Մեղրին ու Լաչինը, նման էր ռումբի պայթյունի», - այսօր տպավորությունն է փոխանցում Ադրբեջանի «Թուրան» գործակալությունը:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդն էլ ի թիվս այլոց, նկատել է տալիս, որ նախկինում Ալիեւը բազմիցս հերքել է «փարիզյան սկզբունքների» գոյությունը. «Քաղաքական գործիչներն ու առավել եւս երկրի նախագահը ժողովրդին մոլորության մեջ գցելու իրավունք չունեն»: Իսա Ղամբարն ասում է, թե ինքնին անընդունելի է տարածք ծախելը, փոխանակելը:

«Մուսավաթ»-ի փոխնախագահ Սուլհադդին Աքպերն էլ «Յենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում ասել է, թե փոխանակման գործարքում Ադրբեջանը որեւէ օգուտ չունի:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Թոֆիկ Զուլֆուգարովը, որն ավելի քան ութ տարի բանակցությունների ակտիվ մասնակից է եղել, ասել է. - «Այն, որ Ադրբեջանի պաշտոնյաները երկար ժամանակ հերքել են, թե փարիզյան սկզբունքներ գոյություն ունեն, ցույց է տալիս նրանց կեղծավորությունը հանրության հանդեպ»:

Ըստ ընդդիմադիր մեկ այլ գործչի՝ Իլգար Մամեդովի, Ադրբեջանը չպետք է համաձայնի «Խաղաղություն՝ տարածքի դիմաց» սկզբունքին:

Ինչու՞ Հեյդար Ալիեւը որոշեց նման հայտարարություն անել, այն էլ՝ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման ընթացքում: Սա սենսացիոն տպավորություններին հաջորդած առաջին հարցն է, որի պատասխանը փորձում են գտնել ադրբեջանական լրատվամիջոցները:

«Զերկալո» թերթը ենթադրում է, որ դրա նպատակը ոչ միայն Ադրբեջանի հանրության կարծիքը շոշափելն է, այլեւ՝ Ադրբեջանին չգոհացնող պայմանների ամբողջ մեղքը Հայաստանի վրա բարդելը: «Հյուրիեթ» թերթը ենթադրում է, թե Հեյդար Ալիեւը արդեն ստորագրել է «պարտվողական խախաղության» պայմանագիրը:


Արմեն Զաքարյան, Էմիլ Դանիելյան, Երեւան եւ Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG