Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիեւը պատրաստ էր փոխանակել Լաչինի եւ Մեղրու միջանցքները





Բաքու («Թուրան» գործակալություն). - Հեյդար Ալիեւը պատրաստ էր փոխանակել Լաչինի եւ Մեղրու միջանցքները: Նման համաձայնություն ձեռք էր բերվել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ 2001 թվականի մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման ժամանակ:

Սենսացիոն այս հայտարարությունն այսօր արել է ինքը՝ Հեյդար Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Հյուգ Պերնեի հետ հանդիպման ժամանակ:

Ուշագրավ է, որ մինչ այժմ Ալիեւը կտրականապես հերքում էր «փարիզյան սկզբունքների» գոյությունը՝ դրանք անվանելով «հայկական ֆանտազիա»:

«Փարիզյան բանակցությունների ընթացքում մի շարք համաձայնություններ էին ձեռք բերվել. Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Մեղրու միջանցքի բացումը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքի բացման դիմաց: Քննարկումների ժամանակ նշվել էր, որ Մեղրին լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Լաչինը՝ Հայաստանի: Նախագահ Շիրակը հատկապես շեշտել էր սա՝ նշելով, որ երկու միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը», - ասել է Ալիեւը:

Այս համաձայնությունները, սակայն, հայկական կողմը խախտեց Քի Ուեսթի բանակցությունների ընթացքում, ավելացրել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե որոշել է բացահայտել այս մանրամասները, քանի որ հայկական կողմը «մոլորեցնում» է համաշխարհային հանրությանը՝ պնդելով, թե պաշտոնական Երեւանը պատրաստ է «փարիզյան սկզբունքների» հիման վրա ավարտին հասցնել բանակցությունները, մինչդեռ Բաքուն խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները: Բանակցությունները, իրականում, խափանվել են Հայաստանի մեղքով, ասել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG