Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել շքեղ բնակարանների եւ ավտոմեքենաների գույքահարկը





Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած երկու օրինագծերը, Ազգային ժողովի կողմից հաստատվելու եւ հետեւողականորեն կիրառվելու դեպքում, կարող են շոշափելիորեն բարձրացնել բյուջեի մուտքերը՝ շքեղ առանձնատների ու թանկարժեք ավտոմեքենաների գույքահարկի բարձրացման եւ տնտեսության ստվերայնության կրճատման հաշվին:

«Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրինագծով նախատեսվում է էապես բարձրացնել շքեղ առանձնատներից եւ թանկարժեք ավտոմեքենաներից գանձվող գույքահարկը։ Չի բացառվում, որ նման օրինագծի առաջադրումը ուղղակիորեն կապված է «Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ գույքի պարտադիր հայտարարագրման մասին» օրենքի կիրառման, մեղմ ասած, համեստ արդյունքների հետ. պարզվեց, որ անկախության շրջանում կառուցված հարյուրավոր ճոխ առանձնատների ու գնված հազարավոր շքեղ ավտոմեքենաների տերերը ամբողջ կյանքում համեստ կամ չնչին վաստակներ ունեցող անհայտ մարդիկ են։

Կառավարության այսօրվա նիստում քննարկված օրինագիծը գույքահարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կարող է ինչ-որ տեղ լրացնել այդ բացը։

Գործող կարգի համաձայն, բոլոր մեքենաները հարկվում են՝ ելնելով դրանց տարիքից եւ շարժիչի՝ ձիաուժերով հաշվարկվող հզորությունից։ Կառավարությունն առաջարկում է մարդատար ավտոմեքենաներից գույքահարկը գանձել՝ ելնելով նրանց շուկայական արժեքից:

«Տարբերակում է մտցվում եվրոպական արտադրութայն եւ ռուսաստանյան արտադրության նույն ձիաուժն ունեցող մեքենաների համար», - նիստից հետո ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: - «Նպատակ է հետապնդվում, որ թանկ արժեցող գույքի համար լինի պրոգրեսիվ հարկում, վճարվի արժեքին համապատասխան հարկ»:

Եթե օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունի այն տեսքով, ինչ առաջարկում է պետեկամուտների նախարարությունը, ապա «Մերսեդես»-ների, «Լեքսուս»-ների, «Վոլվո»-ների եւ այլեւայլ արտասահմանյան մեքենաների տերերը հարկադրված կլինեն որպես դրանց գույքահարկ վճարել 2-4 անգամ ավելի մեծ գումարներ:

Տիգրան Խաչատրյանի խոսքերով, մինչեւ Ազգային ժողով մտնելը այս օրինագիծը դեռեւս մեկ շաբաթ լրամշակվելու է, քանի որ տարակարծություններ կան, ասենք, ռուսաստանյան արտադրության մեքենաների հարկման հարցում: Ներկայումս կան ռուսաստանյան արտադրության մեքենաներ, որոնց գինը չի զիջում եվրոպական արտադրության մեքենաներին, ուստի դրանց հարկման նկատմամբ պետք է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերվի:

Ինչ վերաբերվում է շքեղ առանձնատներին, ապա հաստատված օրինագծով առաջարկվում է 1,5 գործակից կիրառել 30 միլիոն դրամից ավելի մեծ արժեք ունեցող առանձնատներից գանձվող գույքահարկի նկատմամբ։ «Գույքահարկի մասին» գործող օրենքով, մինչեւ 3 միլիոն դրամ արժեցող բնակարանը կամ առանձնատունը ազատված է գույքահարկից, իսկ ավելի մեծ արժեքի շինությունը հարկվում է արժեքի նկատմամբ 0,1-0,8 տոկոս գույքահարկով։

Նոր օրինագիծը գործի դնելու դեպքում 30 միլիոն դրամից ավելի մեծ արժեք ունեցող առանձնատներից իբրեւ գույքահարկ կգանձվի դրանց արժեքի առնվազն 1,2 տոկոսը։ Բնակելի տան ավելի մեծ արժեքի դեպքում գուքահարկն ավելի բարձր կլինի։

Այդուհանդերձ, այս օրինագիծն էլ տարակարծությունների տեղիք է տվել, ասենք, այն հարցում, թե պե՞տք է արդյոք ավելի բարձր դրույքներով հարկվեն բազմաբնակարանանոց շենքերի թանկարժեք բնակարանները: Տիգրան Խաչատրյանի կարծիքով, «սանդղակը չպետք է տարբերակի դա առանձնատուն է, թե բնակարան»:

Փոխնախարարի խոսքերով, «Գույքահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում, լրացուցիչ գանձվող հարկերից համայնքային բյուջեներ հավելյալ մուտք կլինի առնվազն 450 միլիոն դրամ։

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց եւս մեկ օրինագիծ, որը դարձյալ կարող է մեծացնել պետության եկամուտները՝ տնտեսության ստվերայնության կրճատման հաշվին։ Խոսքը «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքի նոր նախագծի մասին է։ Այս փոփոխությամբ գործադիրը նպատակ ունի սահմանափակել տնտեսվարող սուբյեկտների՝ կանխիկ դրամով արվող գործարքները, ուստի եւ՝ եկամուտները թաքցնելու դեպքերը:

Ըստ օրենքի նախագծի, 2003 թվականի հունվարի 1-ից տնտեսվարողները ապրանքա-նյութական արժեքների գնման մեկանգամյա կանխիկ գործարք կարող են անել 500 հազար դրամի սահմաններում։ Այդ գումարը գերազանցելու դեպքում գործարքը պետք է արվի բանկային փոխանցման միջոցով։ 2004 թ. հունվարի 1-ից կանխիկ գործարքի նվազագույն շեմը լինելու է 300 հազար դրամ, իսկ 2005 թվականի հունվարի 1-ից՝ 100 հազար դրամ։

Ըստ Տիգրան խաչատրյանի, կանխիկ գործարքների շեմեր են սահմանված նաեւ ամսական կտրվածքով. 2003 թվականին՝ ամսական 5 միլիոն, 2004-ին՝ 3 միլիոն եւ 2005-ին՝ ընդամենը 1 միլիոն դրամ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG