Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում հաղթական մատուցում է. «Նախագահի միջամտության անհրաժեշտությունը չեղավ, մենք կարողացանք ինքներս լուծել այդ խնդիրը: Վերջին երեք օրերի նիստերը, թեկուզ ընդհատումներով, բայց կայացան»: «Հազիվ թե ամբողջ ամառ ընդդիմությանը խորհրդարանին քարկոծելու հիանալի պատճառ տալը եւ աշնանային նստաշրջանը գարնանայինի չպարզաբանված թնջուկով սկսելու սպառնալիքը շատ մեծ նվաճում է եւ հենց այն լուծումն է, որ պահանջում էր խորհրդարանից նախագահը», - անդրադառնում է «Օրրան» թերթը: - «Մեծամասնությունը արտաքուստ հաղթեց, բայց նույնիսկ մեծամասնությունը, խելամիտ լինելով, պիտի ընդունի, որ հերթական հաղթանակը պյուռոսյան էր... Խորհրդարանում բացահայտորեն քննարկվեց նախագահի հրաժարականի անհրաժեշտության հարցը... Արդյունքի տեսակետից ամենակարեւորը, թերեւս, նախադեպ ստեղծելն էր», - շեշտադրում է «Օրրան»-ը:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս հանրապետականների, որ սովորաբար պայմանավորվածությունների հանգելու մեծ ունակություններ էր դրսեւորում, այս անգամ ակնհայտորեն չէր փնտրում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ելք, իսկ երբ կողմերից որեւէ մեկը փոխհամաձայնության չի ձգտում՝ երկրի գլխավոր ամբիոնը դառնում է ներքաղաքական գզվռտոցի պատանդ: «Նման իրավիճակում ֆարսը ցանկացած պահի կարող է ողբերգության վերածվել», - նշում է մեկնաբանը:

«ժամանակին չիրականացված քաղաքական հստակեցումների պարբերական հետաձգումները արդեն բումերանգի նման հետ են թռչում ու հարվածում իշխանությանն ու անձամբ նախագահին», - արձանագրում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Ազգային ժողովի վերջին եռօրյայի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները կրկին վկայում են, որ նախընտրական տարում քաղաքական դաշտում եւ մանավանդ խորհրդարանի ներսում հստակեցումների իրականացման եւ դրա հիման վրա համապատասխան մեծամասնության ձեւավորման խնդիրը ոչ մի կերպ այլեւս չի կարելի հետաձգել»: Ազգային ժողովում սոսկ թվաբանական, ո'չ քաղաքական մեծամասնությունը մի ամորֆ գոյացություն է, որ առաջին իսկ լուրջ քաղաքական ցնցումների պարագայում ցույց է տալիս իր կատարյալ անզորությունը: «Հիմա փոքրաթիվ, չնչին հնարավորություններ ունեցող ընդդիմությունը կարողացել է լուծել իր առջեւ դրված քաղաքական խնդիրը... իսկ նույն «մեծամասնություն» հանդիսացող խումբ-խմբակցությունները ժամանակ էլ չեն ունեցել իրենց կարգավիճակից բխող տարրական քաղաքական հաշվարկներ ու կանխատեսումներ անելու, քանի որ զբաղված են եղել միմյանցից պաշտոններ, համայնքապետերի ու քաղաքապետերի տեղեր փախցնելու գործով եւ մեղքի ոչ պակաս, նույնիսկ ավելի մեծ բաժին ունեն ստեղծված իսկապես խայտառակ ու անհանդուրժելի կացության համար», - գնահատում է «Հայոց Աշխարհ»-ը, շարունակելով պնդել, որ այլեւս հնարավոր չէ հետաձգել խորհրդարանում հստակ մեծամասնության ձեւավորման խնդիրը, մեծամասնություն, որը հանդես կգա որպես «միասնական քաղաքականություն մշակող ու իրականացնող հստակ դաշինք»:

«Ո՞նց կարող էին հայոց պառլամենտում իրար հետ հայհոյանքով խոսող մարդիկ հայտնվել», - ցնցված է պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը, այս առիթով եւս կարեւորելով. - «Պիտի թողնել, որ ժողովուրդը մասնակցի ընտրություններին, ազատ պիտի թողնել նրան, չպիտի կեղտոտել: Կեղտոտելով շահում ենք, հետո բումերանգի պես մեր արածը վերադառնում, խփում է մեր դեմքին»: «Բաներ են ասվում, որոնց պիտի պատասխան տրվի: Նախագահի համբերատարությունը ինձ համբերությունից հանում է», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Ալվարդ Պետրոսյանը: - «Պետության ղեկավարը պիտի հասկանա, որ իր հասցեին հնչած բոլոր վիրավորանքները ամբողջ պետությունն են աղտոտում: Եվ ինքը պիտի կարողանա մեկիկ-մեկիկ պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց»:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվություն չի կրում «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ՝ համապատասխան ծառայությունների վատ աշխատանքի առումով, ապա երկրում «հաբրգած» «արտոնյալների» անպատժելության, ամձեռնմխելիության մթնոլորտի չվերացման համար հաստատապես պատասխանատու է», - ընդգծել է այսօր «Օր» թերթը:

«1995 թվականից ի վեր խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը ոչ միայն դադարել է արտահայտել հասարակության կամքը, այլեւ իր մտավոր մակարդակով զգալիորեն հետ է ընկել հասարակությունից», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Իսկ ամենակարեւորը՝ մենք չենք հավատում այս պատգամավորներին: Մենք լսում ենք, թե ինչպես է, ասենք, Գալուստ Սահակյանը խոսում կանոնակարգից կամ (որոշ մտավոր ճիգեր գործադրելով) պետականությունից ու ժողովրդավարությունից, բայց գիտենք, որ նրա ուշքն ու միտքը «մարշրուտկեքի» գծերն են, որոնք ինքն աշխատեցնում է, եւ հանուն այդ գծերի եկամտի կպատռի ցանկացած ընդդիմադիրի կոկորդը: Բայց, մյուս կողմից, ցանկացած ընդդիմադիր կպատռի պրն Սահակյանի կոկորդը՝ այդ գծերին տիրանալու համար: Ահա թե ինչի համար է կռիվը գնում: Խնդիրը, այսպիսով, ամենեւին Քոչարյանը եւ նրա իմփիչմենթը չէ: Խնդիրն ունեցածը չկորցնելը կամ չունեցածը ձեռք բերելն է... Այստեղից էլ՝ նրանց բախման, մեղմ ասած, գռեհիկ ոճը»:

«Ազգային ժողովի լուծարումը անհրաժեշտ է, բայց՝ անհնար» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ում վերլուծված է. «Չկա քաղաքական մի ուժ, որ գործող խորհրդարանի լուծարումից հետո կարողանա նոր խորհրդարանում ունենալ մեծամասնություն: Իսկ նման ուժի բացակայությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը դարձնում է խիստ անկանխատեսելի»: Ուստի եւ Քոչարյանը նման քայլի գնալ չի կարող: Իշխանության ներսում առկա ներկայիս հակասությունների դաշտով ընտրությունների գնալը շատ մեծ ռիսկ է. - «Իրեն քաղաքական բախտի քմահաճույքին չթողնելու համար Քոչարյանը ունի մեկ լուծում. նա պետք է կարողանա ՀՅԴ - «Օրինաց երկիր» - ՀՀԿ եռյակին համոզել նախընտրական դաշինք կազմել»:

«Թե ինչպես է իշխանությունը հաշիվ մաքրելու, իր կարծիքով, կարգազանց պատգամավորների հետ, առայժմ պարզ չէ», - նույն խնդրին է անդրադառնում «Առավոտ»-ի խմբագրականը: - «Ամենահեշտ տարբերակը, թերեւս, խորհրդարանի լուծարումն է։ Սակայն սա նաեւ ամենառիսկային տարբերակն է՝ նոր խորհրդարանը կարող է առավել քիչ կառավարելի լինել, եւ հետո՝ իշխանությանն ամենեւին էլ ձեռնտու չէ նախագահական ընտրությունների շեմին խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ Կարելի է եւ այլ ելք գտնել։ Կարելի է օգտվել Սահմանադրության համապատասխան հոդվածից, որը թույլ է տալիս զրպարտություն եւ վիրավորանք հասցրած պատգամավորներին պատասխանատվության կանչել։ Ճիշտ է, այս դեպքում ստիպված կլինեն պատժել ոչ միայն ընդդիմադիրներին, այլեւ ծեծկռտուքն առաջինը սկսած ու հայհոյանքներ շռայլող մեծամասնությանը», - մեկ այլ նուրբ խանգարիչ հանգամանք է մատնանշում «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG