Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահը հանդիպում է Հայաստանի ղեկավարներին





ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Հյուգ Պերնեն այսօր Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հանրապետության մյուս ղեկավարների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Հյուգ Պերնեն, որ այս ամիս այդ պաշտոնում փոխարինել է Ֆիլիպ դե Սյուրմենին, գլխավորում է Ֆրանսիայի արտգործնախարարության Կենտրոնական Եվրոպայի վարչությունը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Պերնեի առաջին այցը հակամարտության գոտի ունի «ճանաչողական» նպատակ: Խոսնակի խոսքերով, ծրագրված են նաեւ Պերնեի հանդիպումները պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանի հետ:

Ինչպես հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանն ու Հյուգ Պերնեն «մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ»: Մանրամասներ չեն հաղորդվում:

Անցած ամիս Քոչարյանը հավանական էր համարել իր եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի նոր հանդիպումը՝ բանակցությունները փակուղուց դուրս բերելու նպատակով: Կոնկրետ ժամկետները, սակայն, առայժմ ճշտված չեն:

Ղարաբաղյան բանակցությունների վերջին փուլը կայացել է մայիսին Չեխիայի մայրաքաղաքի մերձակայքում՝ երկու նախագահների անձնական ներկայացուցիչների մասնակցությամբ: Որեւէ առաջընթաց, սակայն, չի արձանագրվել. կողմերը սոսկ հայտարարել են, թե բանակցություններն «օգտակար էին»:

Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների հերթական հանդիպումը ծրագրված է այս ամիս Լիսաբոնում: Քննարկվելու են միջնորդների հետագա քայլերը:

Ֆիլիպ դե Սյուրմենը Մինսկի խմբում համանախագահեց ընդամենը մեկ տարի: Ներկայումս նա Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանն է Ուկրաինայում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչի խոսքերով, Հյուգ Պերնեն Մինսկի խմբում միջնորդական առաքելությունը կհամատեղի Ֆրանսիայի արտգործնախարարությունում իր պաշտոնավարության հետ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG