Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը չի բացառում խորհրդարանի լուծարումը


Նախագահ Քոչարյանը, երեքշաբթի օրը մեկնաբանելով Ազգային ժողովում վերջին օրերին կատարվող իրադարձությունները՝ կապված իր պաշտոնանկության գործընթաց սկսելու որոշման նախագիծը օրակարգում ընդգրկել-չընդգրկելու հետ, չբացառեց խորհրդարանի լուծարումը:

«Եթե չհաջողվի դա կարգավորել խորհրդարանի ուժերով... եւ եթե, իհարկե, նման դիմում լինի խորհրդարանից, ապա միջամտելու ենք եւ մարդկանց ցույց ենք տալու, որ կարգը նաեւ պատգամավորի համար պարտադիր է: Իսկ եթե շատ ձգձգվի, իհարկե, ստիպված կլինենք առանց դիմումի միջամտել», - լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Այն, ինչ կատարվում է, երեւի, բոլորի մոտ տհաճ տպավորություն է թողնում», - շարունակեց նա: - «Չեմ կարծում, որ խորհրդարանը կարող է մի քանի, մեղմ ասած, անկարգապահ պատգամավորների գերին դառնալ, եւ երկրի օրենսդիր մարմինը, կարծում եմ, չի կարող հանդուրժել նման իրավիճակը»:

Նախագահը, սակայն, ավելացրեց, թե խորհրդարանը ցրել 6-7 պատգամավորի ագրեսիվ վարքի պատճառով, անթույլատրելի է: «Երկիրը իր կարեւոր ինստիտուտներով է ճանաչվում՝ նախագահական ինստիտուտ, խորհրդարան, կառավարություն, եւ մարդիկ, ովքեր իրենց այդպես են պահում, ուղղակի չեն մտածում երկրի վարկանիշի մասին»:

Նախագահը ակնարկեց, թե խորհրդարանական մեծամասնությունը պետք է կարողանա ուժ գտնել՝ պաշտպանելու խորհրդարանի վարկանիշը: Ռոբերտ Քոչարյանը նկատի ունի «Միասնություն» խմբակցությունն ու խորհրդարանի «բավական կազմակերպված ֆրակցիաները», որոնք, նրա խոսքերով, պետք է ավելի ակտիվ եւ ավելի համառորեն պաշտպանեն հենց իրենց խորհրդարանի վարկանիշը:

Իր պաշտոնանկությանը վերաբերող որոշման նախագծի առաջադրումը Ռոբերտ Քոչարյանը համարում է օրենքի խախտում: «Հոկտեմբերի 27»-ի ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովն, ըստ նրա, իր եզրակացություններում գերազանցել է սահմանված լիազորությունները:

«Այստեղ սկզբունքային հարց է», - ասաց նախագահը: - «Ստեղծվել է հանձնաժողով, որի իրավասությունները շատ հստակ ընդգծված են որոշման մեջ»: Իսկ եզրակացության մեջ, նախագահի խոսքերով, «խախտումներով մի նախադասություն գնաց, որը ընդհանրապես կապ չունի այն լիազորությունների հետ, որի համար ստեղծված է այդ հանձնաժողովը»:

Նախագահը չկամեցավ գնահատել ստեղծված իրավիճակը: «Մի երկու-երեք օր անցնի՝ կերեւա. իսկապես սա ճգնաժա՞մ էր, թե՞ ուղղակի մի քանի հոգու ագրեսիվ, անպատասխանատու գործունեություն», - ասաց նա:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG