Մատչելիության հղումներ

Քոչարյանը փնովում է կառավարությանը «տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը անհարկի միջամտելու համար»


Նախագահ Քոչարյանը խստագույնս դատապարտել է երեւույթները, երբ կառավարական գերատեսչությունները «անհարկի եւ անօրինական» կերպով միջամտում են տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը:

Ինչպես հաղորդել է նախագահի մամլո գրասենյակը, այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին ազգային անվտանգության, առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների ու էկոնոմիկայի, պետեկամուտների նախարարները, Հանրապետության գլխավոր դատախազը, մաքսային կոմիտեի նախագահը եւ մի շարք այլ գերատեսչությունների պատասխանատուներ, նախագահ Քոչարյանը նշելով, որ վերջին շրջանում գործարարների կողմից ահազանգեր են ստացվել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի եւ անօրինական միջամտությունների վերաբերյալ, խստագույնս դատապարտել է նման երեւույթները:

Հաղորդագրության մեջ նշված չեն կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելու կոնկրետ օրինակներ, եւ պարզ չէ, թե հատկապես որ նախարարները կամ գերատեսչությունների ղեկավարներն են արժանացել ամենակոշտ քննադատությանը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ազգային անվտանգության նախարար Կարլոս Պետրոսյանը, օրինակ, ըստ լրատվամիջոցների որոշ հաղորդումների, հովանավորում են տնտեսության շահութաբեր ոլորտներից մի քանիսը:

Արեւմտյան դոնորները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Հայաստանում բարելավվի գործարար միջավայրը, ինչը, նրանց կարծիքով, կենսական անհրաժեշտություն է տնտեսական զարգացման համար:

Այսօրվա խորհրդակցության ժամանակ նախագահ Քոչարյանը անդրադարձել է նաեւ ներքին շուկայում ստեղծված իրավիճակին՝ այն որակելով «բավականին մտահոգիչ»: Պատասխանատու մարմինների անհրաժեշտ հսկողության բացակայության հետեւանքով մաքսանենգ ճանապահով Հայաստան են ներթափանցում ապրանքատեսակներ՝ շրջանցելով պետական բյուջեն: Նախագահն ասել է, որ նման վիճակ չէր կարող ստեղծվել առանց համապատասխան կառույցների թողտվության:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG