Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպիսի ավարտ էլ ունենա նախագահի պաշտոնանկության սկսված գործընթացը, հունիսի 10-ը, ըստ էության, դարձավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ժողովրդի անվստահության արտահայտության օր», - ընդհանրացնում է «Օրրան» թերթը: - «Ընդդիմությանը հաջողվեց այդ գործընթացով խարխլել իշխանական բուրգը, նվազեցնել արդեն իսկ խոր տեղաշարժեր ապրող Քոչարյանի քաղաքական կապիտալը, փոխել թե Ազգային ժողովի, թե երկրի ընդհանուր մթնոլորտը: Փոքր-ինչ ետ քաշվելով՝ նախագահը բացահայտ խաղի մեջ քաշեց ԱԺ ղեկավարությանն ու ողջ մեծամասնությանը՝ վերջիններիս դեմ դիմաց թողնելով ընդդիմության հետ: Այս պարագայում ընդդիմության շանսերը բոլոր առումներով բազմապատկվում են»: «Օրրան»-ում նաեւ ընդգծված է. «Եթե այսպիսի պարզունակ հարցերի քննարկումից խուսափում է հենց ինքը՝ իշխանությունը, նշանակում է, որ այնպիսի բաներ, որոնց մասին պարզապես ենթադրություններ կամ էլ զուտ տեսական դատողություններ կարող է անել ընդդիմությունը՝ հաստատ կան եւ հենց այդ քննակումների արդյունքում էլ կարող են բացահայտվել՝ ծանր իրավիճակ ստեղծելով նույն այդ իշխանությունների համար: Կամ էլ ավելի վատ բաներ կան, որոնց մասին գաղափար անգամ չունենք»:

«Հայաստանի կոմունիստ» թերթը եւս «Կասկածները վերածվում են համոզմունքի» վերնագրի տակ առանձնացրել է. «Խոր տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, թե ինչու հանրապետության նախագահը եւ նրան համախոհ քաղաքական ուժերը չեն ցանկանում քննարկումներ կազմակերպելով՝ հասնել նախագահի լիակատար անմեղության հավաստիության եւ փարատել համաժողովրդական կասկածները, որոնք ձեւավորման օրից դրսեւորվել են ամենեւին էլ ոչ ի նպաստ նախագահի եւ նրան համախոհ քաղաքական ուժերի»: «Ազգ» թերթի մեկնաբանը իր հերթին կրկին կշտամբում է. «Ընդդիմության սանձարձակ այս կեցվածքի համար պարարտ հող է ստեղծում խորհրդարանական մեծամասնությունը, որի կոշտ քաղաքականությունն այս դեպքում չի արդարացվում։ Մատնանշելով ամեն կերպ առաջադրված հարցից խուսափելու մեծամասնության գործելաոճը, ընդդիմությունը կամա թե ակամա փորձում է հիմնավորել, թե նախագահը խուսափում է վերջնական պատասխաններից։ Մինչդեռ վաղուց արդեն հասունացել է պահը՝ վերջակետ դնելու այս խոսակցություններին՝ կետ առ կետ հստակ պատասխանելով բոլոր հարցերին, դրանով իսկ ընդդիմությանը զրկելով նախընտրական քարոզչության այս միջոցից»։

«Առավոտ» թերթը, այս օրերին ավելի հարազատ ֆուտբոլային տերմինաբանությամբ պատկերել է. «Ընդդիմությունը կանխավ գիտեր, որ չի կարողանա նախագահին գոլ խփել։ Դա գիտեին նաեւ նախագահի թիմի պաշտպանները, որոնք չգիտես ինչու՝ թույլ տվեցին, որ խաղը տեղափոխվի իրենց տուգանային հրապարակ, այսինքն՝ պաշտոնանկության հարցը, այնուամենայնիվ, բարձրացվի։ Բայց հետո չխաղացին: Գուցե վախեցան փակ գաղտնի քվեարկությունի՞ց: Վարկած կա, որ նախագահական շատ պաշտպաններ եւ կիսապաշտպաններ իրականում պաշտպանության նախարարի թիմի չբացահայտված հարձակվողներ են։ Այնպես որ, գաղտնի քվեարկության դեպքում նրանց վրա հույս դնելը ռիսկային է»։ «Այսպես թե այնպես, նախագահական չեմպիոնատը սկսված է։ Առայժմ դեռ նախնական փուլերն են, ինչպիսին իմփիչմենթի այս պատմությունն էր։ Իսկ ով դուրս կգա եզրափակիչ՝ հայտնի կդառնա ավելի ուշ։ Եվ չի բացառվում, որ արդյունքները շատ անսպասելի լինեն», - ուրվագծել է «Առավոտ»-ը։

«Իրավունք» թերթում էլ հեռանկարված է, որ իմփիչմենթի հարցը այսպիսի կացնային տարբերակով փակելու ձգտման հետեւանքով այն «ձգվելու-հասնելու է մինչեւ աշնանային նստաշրջան, երբ նախընտրական կրքերը երկիրը վերածելու են եռացող կաթսայի»: Այս թերթում նույնպես շեշտված է ենթադրությունը, թե իրականացվում է իշխանության եւ ընդդիմության որոշ հատվածների համաձայնեցված սցենար, որ թույլ է տալիս իմփիչմենթի հարցը որպես մահակ առնվազն մինչեւ աշնանային նստաշրջան օդում կախված թողնել: «Թե ինչով կավարտվի իշխանության տարբեր հատվածների ստվերային մրցակցությունը, առայժմ վաղ է դատել, սակայն», - ակնարկվում է «Իրավունք»-ում, - «պարզ է դառնում, որ, ըստ էության, ոչ ոք առանց իսկական երաշխիքների չի ցանկանում առաջիկա ընտրություններում աշխատել հօգուտ Քոչարյանի, իսկ իշխող եւ իշխանամետ տարբեր ուժերի հատվածական շահերը ոչ միայն համադրելի չեն, այլեւ շատ հաճախ տրամագծորեն հակառակ են»:

Առավել թեթեւ խորհրդարանական այս լարումներին նայում են «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանները, որոնց անդրադարձերը՝ «Ռադիոմիտինգը կայացավ», «Ապստամբած ֆայլաբազարչիները» վերնագրերի տակ պարզապես հեգնում են ընդդիմադիրներին: Դրանցից մեկը, սակայն, ավարտվում է եւ Ռոբերտ Քոչարյանին ուղղված դժգոհությամբ. «Եթե նախագահին պետք էր ինփիչմենթի ենթարկել, ապա այն պատճառով, որ ում խելքին փչում է՝ շաղ է տալիս՝ անպատասխանատու հայտարարությունների համար դույզն-ինչ պատասխանատվություն չկրելով»:

Արցախից «Իրավունք»-ը փոխանցում է, թե գիտակցելով, որ Ղարաբաղում ինքը, մեղմ ասած, ժողովրդականություն չի վայելում, խուճապի մատնված Ղուկասյանը շտապ միջոցներ է ձեռնարկում սեփական անձն ապահովագրելու համար: Մասնավորապես՝ «կոնֆիդենցիալ բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի դաշնակցության հետ՝ օգոստոսի 11-ին կայանալիք «նախագահական» ընտրություններում իրեն աջակցելու վերաբերյալ»: «Նույն տեղեկությունների համաձայն, Արցախի մարզպետը նախարարական հինգ պորտֆել է խոստացել դաշնակցականներին ապագա կառավարությունում, եթե վերջիններս պաշտպանեն իր թեկնածությունը», - շարադրել է «Իրավունք»-ը՝ լրացնելով. - «Վերջին տեղեկությունների համաձայն, դաշնակցությունն առայժմ չի արձագանքել Արցախի մարզպետի առաջարկությանը: ՀՅԴ անդամները մտադիր են համաձայնեցնել այն Հայաստանի Հանրապետության իշխանությունների, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ:

Վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներ, «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների առաջ մինչեւ տարեվերջ Ղարաբաղի հարցը կարգավորելու խնդիր են դրել: Նման պահանջն, իհարկե, կարծես սովորական է դարձել, սակայն, որոշ գնահատականների համաձայն, ամեն տարվա հետ վերը նշված խնդիրը ներկայացվում է ավելի կոշտ շեշտադրումներով»: Այս առիթով «Հայկական ժամանակ»-ում կրկին առաջ է բերված պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը շահագրգռված չէ խնդրի լուծմամբ, քանզի կարգավորման դեպքում ինքը կկորցնի իր քաղաքական դերակատարումը թե' Հայաստանում եւ թե' տարածաշրջանում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG