Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային բանկը խոշոր բնապահպանական վարկ է հատկացնում Հայաստանին


Անցած շաբաթ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանում «Բնական ռեսուրսների կառավարման եւ աղքատության նվազեցման ծրագիրը», որի շրջանակներում Համաշխարհային բանկը, դոնոր երկրները եւ կազմակերպություները, ինչպես նաեւ կառավարությունը առաջիկա վեց տարիներին ավելի քան 16 միլիոն դոլար են ծախելու Հայաստանի հյուսիսարեւելյան մարզերի բնական համալիրի վերականգման նպատակով։ Ծրագիրն աննախադեպ է նրանով, որ տրվելիք գումարի ուղիղ կեսը ոչ թե վերադարձման ենթակա վարկ է, այլ՝ դրամաշնորհ։

Դրամաշնորհային մասից 5 միլիոն 200 հազար դոլար հատկացնելու է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը, 1 մեկ միլիոն դոլար տրամադրելու է Շվեդիայի կառավարությունը, 1,5 միլիոն դոլար՝ Հայաստանի կառավարությունը:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գայանե Մինասյանի հավաստմամբ, այս նոր ծրագիրը ուշագրավ է նաեւ նրանով, որ այն աղքատության նվազեցման բաղադրիչներ ունի:

«Դրանք միջոցառումներ են, որոնք ընդհանուր առմամբ բերում են բնական ռեսուրսների բազայի բարելավմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինասյանը, - «ինչը աստիճանաբար կբերի նաեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»:

Այս ծրագրի շահառուները լինելու են Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի առավել աղքատ 100 համայնքները։ Այս ծրագիրը, ըստ Գայանե Մինասյանի, հատկապես, անտառների բարելավման գծով նախատեսում է համայնքների դերի բարձրացում: «Մենք փորձելու ենք մի քանի համայնքներում փորձարկել անտառների համայնքային կառավարումը՝ համայնքի դերը ուժեղացնելու նպատակով», - ասաց նա:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հանրության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանում արդեն գործող 16 ծրագրերի ընթացքին վերաբերող հարցին, ասաց, որ դրանց գերակշիռ մասն իրականացվում է կառավարության հետ հաստատված պայմանավորվածություններին համապատասխան: Գործող ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն դոլար է: Ընդհանուր առմամբ 1993 թվականից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանն հատկացրել է շուրջ 687 միլիոն դոլարի արտոնյալ վարկեր։

Սարգսյանի ասելով, որոշ խնդիրներ կան՝ կապված Կառուցվածքային բարեփոխումների՝ ՍԱՔ-4 վարկի վերջին՝ 20 միլիոն դոլար «լողացող» մասաբաժնի հատկացման հետ: Թեեւ, նրա խոսքերով, էներեգետիկ ոլորտի բարեփոխումների, բաշխիչ ցանցերի հավատարմագրային կառավարման հանձնելու՝ Հայաստանի կառավարություն հանձնառությունների կատարումից հետո, «մեծ խնդիրներ չեն ծագի»:

ՍԱՔ-4-ի վերջին մասաբաժնի տրամադրման ժամկետի հարցն առայժմ անորոշ է, թեեւ, բանկը չի հրաժարվում պայմանների բավարարման դեպքում այն հատկացնել։

Ինչ վերաբերում է այս տարվա բյուջեում ծրագրված կառուցվածքային բարեփոխումների հինգերորդ (ՍԱՔ-5) վարկին, ապա դրա բանակցությունները ընթացքի մեջ են: Այդ վարկի հատկացման պայմանների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ դեռեւս ձեռք չեն բերվել։ 40 միլիոն դոլարի այդ վարկի կեսը պետք է հատկացվի մինչեւ տարեվերջ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG