Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կայցելի այս տարի





Ինչպես շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամիի պաշտոնական այցը Հայաստան կկայանա, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ:

Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ նախագահ Քոչարյանն էր Խաթամիին հրավիրել Հայաստան: Ղարիբջանյանը տեղեկացրեց, որ անցած ամիս Թեհրան է այցելել նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: «Նա Իրանի նախագահ պարոն Խաթամիին փոխանցել է նախագահ Քոչարյանի պաշտոնական հրավերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դեսպանը: - «Մեկ անգամ եւս վերահաստատվեց այցելության ցանկությունը եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարվա վերջ հնարավորություն կա, որ այդ պաշտոնական այցելությունը կլինի»:

Եթե այցը տեղի ունենա, դա կլինի Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան:

Միացյալ Նահանգները, որ Իրանը դասել են «Չարիքի առանցքը» կազմող երկրների շարքում, վերջերս մտահոգություն էին արտահայտել հայ-իրանական խորացող կապերի առնչությամբ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը «Ազատություն» ռադիոկայանին անցած ամիս ասել էր, որ Հայաստանը նույնպես պետք է մտահոգված լինի զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու Իրանի ծրագրերով:

Գեղամ Ղարիբջանյանը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հայաստանյան «Լիզին» ընկերության նկատմամբ պատժամիցների կիրառմանը, ասաց, որ այդ հարցը Իրանում մեծ արձագանք չի գտել: Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ այդ ընկերությունը երկակի օգտագործման նյութեր է վաճառել Իրանին: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անցած ամիս լրագրողներին ասել էր, որ այդ միջադեպը չի կարող ազդեցություն ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի հետ Հայաստանի փոխհարաբերությունների վրա:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG