Մատչելիության հղումներ




Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությունը հունիսի 10-ին սկսվող եռօրյայի օրակարգի վերաբերյալ վերջնական հստակություն չմտցրեց մայիսի 29-ին պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի ներկայացրած՝ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին որոշման նախագիծը օրակարգում ընդգրկել-չընդգրկելու հարցում: Վերջնական որոշումը ԱԺ նախագահինն է, իսկ նա որեւէ տեսակետ առայժմ չի հայտնել՝ ասելով, թե իր որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը:

Ընդդիմադիր կուսակցությունների՝ երեկ հրավիրած ասուլիսում հնչեցրած մտավախություններն դեռ չեն հաստատվել, այսուհանդերձ՝ անտեղի էլ չէին: Ազգային ժողովի ղեկավարությունը եւ «Միասնություն» խմբակցությունը, փաստարկելով, թե նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին որոշման նախագիծը ամենեւին չի բխում «Հոկտեմբերի 27»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից, շարունակում են պնդել, թե այն օրակարգում ընդգրկելու հիմքեր չկան:

«Հարցը օրակարգում չի կարող լինել, որովհետեւ ժամանակավոր հանձնաժողովի խնդիրների գործառույթում նախ այդ քննարկվող հարցը չկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Բացի դրանից, եզրակացության մեջ [«Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովի] որեւէ խնդիր առաջացնող վերաբերմունք չի դրսեւորվել»:

Ընդդիմադիր կուսակցությունները նախատեսել էին, որ կարող է այսպիսի մեկնաբանություն լինել, եւ Ալբերտ Բազեյանը երեկ ամենայն մանրամասնությամբ օրենսդրությունից մեջբերումներով փորձում էր ապացուցել, որ ժամանակավոր հանձանաժողովի եզրակացության հիման վրա ցանկացած որոշման նախագիծ օրենսդիրը պարտավոր է քննարկել արտահերթ:

«Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում հրավիրել է 34 նիստ, որոնց ընթացքում երբեք չի խոսվել նախագահի պաշտոնանկության մասին: Ուղղակի ընդդիմադիրները, ի վիճակի չլինելով հավաքել 44 ստորագրություն, դիմեցին այդ կեղծ քայլին», - ասաց Գալուստ Սահակյանը: - «Խնդիրը պարզապես վերցված է շահարկման համար, ինչին մենք դեմ ենք: Օրենքի սահմաններում աշխատելու ենք, որ հարցը չքննարկվի»:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը վստահ է, որ խմբակցությունը միակարծիք է այս հարցում: Դա հեռակա պատասխանն էր Ալբերտ Բազեյանի երեկվա պնդմանը, թե «Միասնության» ներսում էլ տարբեր դիրքորոշումներ կան:

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ ասաց, որ որոշման նախագիծը շրջանառության դնելու առումով ինքը հայտնելու է իր մասնավոր կարծիքը: Այդուհանդերձ, արդեն այսօր նշեց, որ այն «արհեստածին է», «չի բխում եւ ոչ մի օրենքից», հակասում է Սահմանադրությանը, չի համապատասխանում ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG