Մատչելիության հղումներ

logo-print

Կտրուկ աճել են մրգի ու բանջարեղենի գները


Վերջին երկու ամիսներին կտրուկ կերպով բարձրացել են մրգի ու բանջարեղերի գները: Ինչպես վիճակագիրները, այնպես էլ գյուղացիները սա բացատրում են անբարենպաստ եղանակային պայմաններով: Վիճակագիրների եւ մթերք արտադրողների կանխատեսումները, սակայն, չեն համընկնում։

«Անբարենպաստ պայմանները, որի հետեւանքով ուշացել է գյուղատնտեսական մթերքների ցանքսն եւ հասունացումը, հանգեցրել են գների կտրուկ թռիչքի», - «Ազատություն ռադիոկայանին այսօր ասաց ասաց Ազգային վիճակագրական ծառայության Գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Այս տարվա անբարենպաստ կլիմայական պայմանները, ինչպես երեւում է, լրջորեն ազդելու են թե' շարքային քաղաքացու սպառողական զամբյուղի եւ թե' շուկաներում առեւտուր անող գյուղացիների եկամուտների մակարդակի վրա։ Վիճակագիրները, այդուհանդերձ, ակնկալում են, որ ամռանը՝ բերքի ավելացմանը զուգընթաց, մրգի ու բանջարեղենի գները կնվազեն։

Սակայն արտադրողվաճառողները չեն կիսում պաշտոնյաների լավատեսությունը։ Շուկաներում վաճառվող ապրանքների գների դիտարկումը հաստատում է այս մտավախությունը։

Մաշտոցի փողոցի փակ շուկայում, օրինակ, բարձրացել է տավարի մսի գինը: Մսավաճառներից մեկն ասաց, որ տավարի մսի կիլոգրամի 100-200 դրամով թանկացումը զուտ սեզոնային է, եւ աշնանը միսը կրկին կէժանանա: Մեկ այլ մսավաճառ էլ դժգոհեց, թե առեւտուրն ընդհանրապես քիչ է, քանի որ մարդիկ փող չունեն:

Բանջարեղեն վաճառող մի գյուղացի շատ մռայլ կանխատեսում ունի ապագա բերքի վերաբերյալ, ուստի գների իջեցում չի նախատեսում: «Անցած տարի այս ապրանքն արժեր կրկնակի էժան: Բայց էս տարի չլինելու պատճառով բոլորն էլ թանկ արժեքով է վաճառվում», - ասաց նա: - «Ոչ մի գրամ ծիրան չկա, սալոր չկա, ոչ մի բերք չկա»:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին հինգ ամիսներին հանրապետությունում գների ընդհանուր մակարդակն աճել է 5, 2 տոկոսով, ինչը գրեթե մոտ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի սղաճին:

Այնումամենայնիվ, ըստ Մարտիրոսյանի, այս տարվա սղաճի պատկերը տարբերվում է նախորդից: Այս տարվա հունվարին սղաճը կիսով չափ ցածր էր անցյալ տարվա համեմատ, իսկ ահա փետրվար-մարտ ամիսներին գրանցվել է գների ընդհանուր մակարդակի անկում՝ ինչը ծխախոտի արտադրանքի՝ 20- 30 տոկոսով էժանացման հետեւանք էր:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG