Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Այն ելակետից, որ մեզանում ընտրողների ձայների համար մղվող պայքարը ծայրաստիճան պարզունակ է, «Հայոց Աշխարհ» թերթը արդիական է տեսնում կիրառվող ամենաբազմազան կեղտոտ ընտրական տեխնոլոգիաներին ծանոթացնելը եւ այսօրվանից ներկայացնում է դրանցից մի քանիսը: Ավելի ու ավելի թափ հավաքող ու տարածվող ընտրապայքարային աժիոտաժը այդ թեման առաջին էջեր է մղել նաեւ այլ թերթերում: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված կամ առաջադրվելու մտադրություն ունեցող անձինք պնդում են, որ այս ընտրություններում իրենք հանդիպում են մի անկանխատեսելի դժվարության», - ընթացիկ նոր դրսեւորումներից առանձնացրել է «Հայկական ժամանակ»-ը: - «Բանն այն է, որ ընտրություններից առաջ այդպես էլ հայտնի չէ, թե իշխանական մարմիններից ո՛ր մեկի «դաբրոն» է անհրաժեշտ՝ իշխանական բոլոր մարմինների կամ ուժերի աջակցությունը ստանալու համար: Իհարկե, կարելի է, ասենք, նախագահականից «դաբրո» ստանալ, բայց չպետք է բացառել, որ հանկարծ տվյալ համայնքում հայտնվի վարչապետի կամ պաշտպանության նախարարի, կամ ՀՅԴ-ի «դաբրոն» ստացած որեւէ մեկը»: Այնպիսի կացություն է կարծես, որ իշխանական օղակների փոխհամաձայնությունների մեխանիզմը հստակ չի գործում:

«Չնայած մինչեւ խորհրդարանական նախընտրական գործընթացի պաշտոնական սկիզբը դեռ բավական ժամանակ կա, փաստորեն այն արդեն տարերքի մեջ է», - փաստում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Կուսակցական գրասենյակներում աշխուժորեն քարոզչության եւ մարտավարության հարցեր են քննարկվում, կազմակերպական ֆինանսական հարցեր են լուծվում, կազմվում մտավորականների ցուցակներ, որոնք, ինչպես ենթադրվում է, ընտրողների ձայներ են բերելու»: Ծանրանալով մասնավորապես վերջիններիս վրա, մեկնաբանը գրում է. - «Վերջին տասնամյակը, անտարակույս, պատմության մեջ կմտնի որպես հայրենի մտավորականության վերջնական վարկաբեկման ու անվանարկման ժամանակաշրջան... Ինչո՞ւ է ստեղծագործական մտավորականությունն ամեն անգամ այդպես կոտորվում խորհրդարան մտնելու համար: Եվ մի՞թե մշակույթի հայտնի գործիչները չեն հասկանում, որ ստորացուցիչ սպեկուլյացիայի են մասնակցում: Եթե նրանք կարծում են, որ օրինաստեղծ գործունեությունից ավելի լավ գլուխ կհանեն, քան հասարակական-քաղաքական գործիչները, իրավաբաններն ու տնտեսագետները, ապա թող քաջություն ունենան միաժամանակ խոստովանել, որ արվեստի եւ գրականության հետ ոչ մի կապ չունեն: Իսկ ինչո՞վ է զբաղված մտավորականությունն այսօր: Ոչնչով: Հասարակությունը, ժողովուրդը սեփական խնդիրներով՝ իր համար, իրենք՝ իրենց»:

Ըստ «Իրավունք» թերթի, «Հայաստանի քաղաքական մթնոլորտում կարծես թե ամպրոպ է հասունանում: Իրավիճակը գնալով ավելի ու ավելի է նմանվում 1997-ի աշնանը, եւ օդում թեւածում է իշխանափոխության ուրվականը»: «Պատգամավորական միջավայրում ամենայն լրջությամբ խոսում են, թե հունիսի 10-ի նիստում չպետք է բացառել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության նախաձեռնությունը հավաքի 70 եւ ավելի քվերեն», - փոխանցում է «Իրավունք»-ը, իր հերթին առանձնակի շեշտադրելով. - «Այսօր կարելի է հստակ տեսնել, որ Ռոբերտ Քոչարյանի վրա գործադրվում է ոչ միայն ընդդիմադիր, այլեւ ներիշխանական ճնշում», նրա աթոռը ճոճելու գործընթացին դիրիժորություն է անում մասնավորապես պաշտպանության նախարարը:

Պատգամավոր Մանուկ Գասպարյանն էլ «Օրրան» թերթի հարցազրույցում ասում է. - «Խորհրդարանում բարձրացված իմփիչմենթի հարցը ներիշխանական գզվրտոցի արդյունք է: Ընդդիմությունը կամ այդ խայծը կուլ է տվել, կամ էլ փորձում է առիթն օգտագործել, հույս ունենալով, որ ինչ-որ մի պահ կգա, երբ իրադրությունը դուրս կպրծնի իշխանությունների վերահսկողությունից եւ հնարավոր կդառնա պաշտոնանկությունն իրականացնել... Իմփիչմենթի նախաձեռնողների հասցեին Քոչարյանը հեռուստատեսությամբ ասաց, որ «նրանք անլուրջ մարդիկ են»: Այդ ինքն է անլուրջ, որ չի հասկանում, որ հայ ազգը չընդունեց իրեն, որ էս ժողովուրդը իսկապես իրեն չի սիրում», - արձագանքում է պատգամավորը:

ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը «Իրավունք»-ում գնահատում է. - «Առաջին անգամ է, որ ընդդիմությունը լուրջ հայտ է ներկայացրել, առաջին անգամ է, որ այդ քայլը շատ լավ նախապատրաստված է, եւ պահանջն անթերի է հենց օրենքի տեսանկյունից, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովի հերթական եռօրյայում հարցը պիտի մտնի օրակարգ»: «Բայց վստահ եմ, որեւէ բանի հասնել չի հաջողվի», - շարունակում է նա: - «Բավական հարուստ փորձ ունենք, երբ երկրի ղեկավարությունը կանգ չի առնում որեւէ օրենքի խախտման եւ ոտնահարման առջեւ... Քոչարյանը կանի ամեն ինչ 13 կուսակցություններին պառակտելու նպատակով: Նա շատ ավելի փորձառու քաղաքական գործիչ է... ինտրիգների, բանսարկությունների դաշտում: 1997-ից սկսած նա փայլուն կերպով դրսեւորել է իր այդ տաղանդը»: ՀՀՇ ղեկավարը եւս մեկ անգամ հավաստում է, որ առաջադրելու են նախագահի իրենց թեկնածուին: Թե ում՝ պարզ կլինի աշնանը, ՀՀՇ համագումարում:

«Հերթական անգամ հայրենի կառավարությունը ներկայանում է բյուջեի կատարողականի հաշվետվությամբ, ու այս անգամ էլ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը մեծ ցանկություն ունի միահամուռ կողմ քվեարկած խորհրդարան տեսնել: Հիմա արդեն զեկուցվում է բյուջեի՝ գրեթե ամբողջությամբ կատարված լինելու մասին: Սակայն այս անգամ եւս մոռացվում են հազարավոր շարքային քաղաքացիներին չվճարված աշխատավարձերը, իրատեսական կոչվող բյուջեի փոքր ծավալները», - ընդգծում է այսօր «Երկիր» թերթը: - «Պետության մեջ կարծես թե գոյանում եւ կատարվում են երկու՝ միմյանց հետ կապակցված ու «փոխլրացնող» բյուջեներ, մեկը՝ իբրեւ գրված օրենք՝ պետական բյուջեի տեսքով, երկրորդը՝ չգրված օրենքի՝ պաշտոնյաների անձնական եկամուտների գոյացման ու ծախսման-կուտակման ձեւով: Անկախության տասնամյակի թերեւս բոլոր պաշտոնական բյուջեները, այս տրամաբանության համաձայն, ունեցել են «կից» բյուջեներ՝ բացառապես ենթակա քիչ թե շատ իշխանական լիազորություններ ունեցող անձանց անձնական շահերին... Տարեցտարի, չնայած արձանագրվող բարձր տնտեսական աճին, պետական եկամուտների մեջ լուրջ փոփոխություններ չեն գրանցվում, մյուս կողմից պետությունից սոցիալական ակնկալիքներ ունեցող հասարակությունը կարծես թե դադարել է ինչ-որ լուրջ հույսեր կապել պետության հետ», - նշում է «Երկիր»-ը: - «Ներկա կառավարությունն էլ, իբրեւ իր բարձրագույն ձեռքբերում, համարել եւ համարում է, որ ընթացիկ պարտքեր չի կուտակել, ու ձգտել է մարել նախկին տարիներից ժառանգած պարտքերը: Մինչդեռ իրեն իբրեւ սոցիալական հռչակած պետության գլխավոր պարտավորությունը բնակչության սոցիալապես խոցելի խմբերի եւ բյուջեից եկամուտներ ստացողների համար նվազագույն սպառողական զամբյուղի շրջանակներում սոցիալական ծառայություններից ու համապատասխան բարիքներից օգտվելու հնարավորություն ստեղծելը պետք է լիներ: Այս խնդիրն է, որ առ այսօր չի լուծվել, ու չի երեւում, թե մոտ ապագայում լուծում կստանա»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG