Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հաստատակամ է Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցում





«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ընդդիմությունը պատրաստվում է մարտի՝ պաշտպանելու «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի՝ մայիսի 29-ին Ազգային ժողովում ներկայացրած Քոչարյանի պաշտոնանկության մասին օրինագիծը:

Վկայակոչելով ԱԺ նոր կանոնակարգը, Ղուկաս Ուլիխանյանը ներկայացրել է Քոչարյանի պաշտոնանկության մասին օրինագիծ, պնդելով, թե քանի որ այն հիմնված է «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության վրա, պետք է առանց քվեարկության մտնի Ազգային ժողովի օրակարգ:

«Մենք գնում ենք իրավական ճանապարհով: Մեր բոլոր քայլերը բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներից ու Սահմանադրությունից», - այսօր ասաց Ալբերտ Բազեյանը, ավելացնելով, որ «անօրինականությունները շարունակվելու դեպքում» քաղաքացիներին եւ ընդդիմադիր կուսակցություններին ոչինչ չի մնում, քան «դիմել համաժողովրդական անհնազանդության կամ ապստամբության»՝ դա նույնպես դիտելով Սահմանադրության շրջանակներում. - «Ապօրինի վարչախմբի օրենքները չկատարելը դա Սահմանադրության պահանջ է»:

ՀԺԿ-ական (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) պատգամավոր Արամայիս Բարսեղյանի կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ից հետո Ազգային ժողովի պատգամավորները ահաբեկված են եւ շարունակում են լռել: «Երբ հաղորդակցվում էինք, բոլորը միանշանակ ասում էին, թե ում կողմից է կազմակերպված [«Հոկտեմբերի 27»-ը]: Իսկ այսօր լռում են, որովհետեւ դրսում են ահաբեկիչները գտնվում: Սա է իրական պատկերը», - ասաց նա:

Մեկնաբանելով Քոչարյանի անցած ամիս արած հայտարարությանը, թե ընդդիմադիրների՝ իրավիճակն ապակայունացնելու յուրաքանչյուր փորձ խոչընդոտում է երկրի տնտեսության զարգացմանը, Ալբերտ Բազեյանը ասաց. - «Նախագահը մի խոսք է ասել ժամանակին, թե վատ պարողին ինչն է խանգարում: Ես այդպես եմ մեկնաբանում»:

Ազգային ժողովում ներկայացված ուժերի մեծամասնությունը դեմ էր արտահայտվել նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելու մասին օրինագիծը օրակարգում ընդգրկելուն՝ գտնելով, որ արված հայտարարությունը չի բխում «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի եզրակացությունից եւ լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում:

Եթե Ազգային Ժողովի հունիսի 10-ի նիստի օրակարգում հարցը ընդգրկված չլինի, ապա, Բազեյանի խոսքերով, «պատգամավորը իրավուքն ունի զբաղեցնել ամբիոնը եւ խանգարել Ազգային ժողովի նիստը՝ եթե սահմանված հարցը չի դրվում քննարկման, կոպիտ ոտնահարվում է օրենքը»:

Ընդդիմադիրները չեն բացառում, որ հունիսի 10-ին սկսվող վերջին եռօրյան տապալելով, իշխանամետ պատգամավորները կարող են կանգնեցնել գործընթացը, բայց վերջնականապես խափանել այն չեն կարող:

«Հարցը մնալու է օրակարգում եւ վաղ թե ուշ այն քննարկվելու է: Մենք Ռոբերտ Քոչարյանի հետեւից հասնելու ենք: Էդպես չի, որ անընդհատ փախավ, փախավ», - ասաց Բազեյանը:

Եթե ընթացիկ նստաշրջանի վերջին եռօրյան ձախողվի, ապա պաշտոնանկության մասին որոշման նախագիծը մեխանիկորեն անցնում է մյուս նստաշրջանի առաջին եռօրյայի օրակարգ: Բացի այդ, Բազեյանի խոսքերով՝ «Էլի ունենք գաղտնի քայլեր»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG