Մատչելիության հղումներ




Պաշտոնական այցի առաջին օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մինսկում հանդիպեց իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Դրանից հետո նրանց միացան պատվիրակությունները: Հայաստանից պատկառելի պատվիրակություն է ժամանել Մինսկ՝ արդյունաբերության եւ առեւտրի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարները, Երեւանի քաղաքապետը, գործարարներ:

Բելառուսի հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փաստել է, որ այնքան էլ սերտ չեն երկու պետությունների տնտեսական կապերը, բայց զարգացման միտումն առկա է:

Իսկապես, 2,5-3 միլիոն դոլարի սահմաններում տատանվող ապրանքաշրջանառությունը մասնագետները պատկառելի չեն համարում: Բայց Բելառուսից Հայաստան ապրանք բերվում է՝ դրանով է զբաղվում, մասնավորապես, պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավոր, գործարար Վլադիմիր Բադալյանը:

Մյուս կողմից, բելառուսները ներմուծում են հայաստանյան թունդ խմիչքը եւ օգտագործում «Նաիրիտ»-ի կաուչուկը: Այսօր երկկողմանի կապերը զարգացնելու համար ավելի նպաստավոր պայմանններ ստեղծվեցին՝ Մինսկում ստորագրված համաձայնագրերով երկու երկրները հանձնառեցին ապագայում էլ միմյանց քաղաքացիներից վիզա չպահանջել եւ խրախուսել ազատ առեւտուրը:

Առանձին պայմանագիր ստորագրեցին Երեւանի ու Մինսկի քաղաքապետերը:

Այսօր նաեւ դրվեց Բելառուսում Հայաստանի դեսպանատան կառուցվելիք շենքի առաջին քարը, ինչը, մեկնաբանների կարծիքով, նշանակում է, որ Հայաստանը մտադիր է հիմնավոր հարաբերություններ հաստատել Բելառուսի հետ:

Լուկաշենկոն Քոչարյանի հետ հանդիպելուց հետո հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնք կկազմակերպեն բելառուսական գյուղատնտեսական եւ ավտոմոբիլային տեխնիկայի արտադրությունը Հայաստանում: Դիտորդները չեն բացառում, որ հայ գյուղացուն քաջ հայտնի «Բելառուս» տրակտորները առաջիկայում ոչ թե Հայաստան բերվեն Բելառուսից, ինչը դժվար է ու թանկ, այլ հենց տեղում՝ հայաստանյան գործարաններում արտադրվեն:

Այսօր երկու նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն «գերազանց» որակեց իր անձնական հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ: Հարցին, թե ինչու ջերմացնելով հանդերձ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Պուտինը հրաժարվել է գնալ Պրահա, որտեղ աշնանը քննարկվելու է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, Բելառուսի նախագահը պատասխանեց. - «Երեւի ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը որոշել են ամուսնանալ, բայց քնել առանձին»:

Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տարաձայնությունները պահպանվել են, բայց ստեղծվել է դրանք վերացնելու մեխանիզմ: «Եվ եթե ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում Ռուսաստանը հաշվի առնի Հավաքական անվտանգության պայմանագրի անդամների շահերը, մենք դրանից միայն կշահենք», - ասաց Հայաստանի նախագահը:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված է պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը, որը բանակցություններ է վարում հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ: «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Վիտալի Ցիգանկովի պնդմամբ, թե խոսքը բելառուսական զենքը Հայաստանին վաճառելու մասին է: Նրա վկայությամբ, մանրամասները չեն հրապարակվում, քանի որ հարցը վերաբերում է ռազմական ոլորտին:

Հայտնի է, սակայն, որ վաղը հայաստանյան պատվիրակությունը այցելելու է «Բելռեսուրսի» կոնցեռնը: Այդ ձեռնարկությունը, թեեւ զենք չի արտադրում, բայց ռազմաարդյունաբերական համալիրի մեջ է մտնում: Այն թողարկում է օժանդակ արտադրանք եւ ծառայություններ է մատուցում ռազմական տեխնիկայի սպասարկման բնագավառում:

Վաղը Ռոբերտ Քոչարյանը նաեւ հանդիպում կունենա 30 հազարանոց բելառուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:




Արմեն Դուլյան, Պրահա-Մինսկ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG