Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Բելառուս այցի նախօրեին «Սովետսկայա Բելոռուսիա» թերթին տված հարցազրույցում, որը վերատպել է «Հայաստանի Հանրապետություն»-ը, նախագահ Քոչարյանը գնահատում է. «Այսօր վերականգնված է այն վիճակը, որը երկրում կար մինչեւ ահաբեկչությունը, եւ վերջին երկու տարում մենք բավականին ակտիվորեն զարգանում ենք»: Իշխանություն - ընդդիմություն համեմատականում նախագահը նշել է. «Ընդդիմությունը կարծես թե ոչ մի բանի համար պատասխան չի տալիս, եւ նրա քաղաքական կուլտուրայի մակարդակը ավելի ցածր է: Այդ պատճառով էլ այն անցումային փուլի երկրներում ամենուր նույնն է: Ե'վ բղավող է, եւ' աղմկարար: Նրա քննադատությունը շատ հաճախ ինքնանպատակ է, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այդ բոլորին հանգիստ վերաբերվենք»:

«Ռոբերտ Քոչարյանը մեծ տագնապների մեջ է», - մատուցում է «Օրրան» թերթը: - «Ընդդիմությունը փորձում է միասնական ճակատ կազմել, լուրջ խոսակցություն է սկսվել միասնական թեկնածուի մասին... եւ նա էլ [Քոչարյանը] փորձելու է ստեղծել նախագահական ուժեղ ճակատ՝ թուլացնելով ընդդիմադիրների շարքերը: Բայց, օրինակ, Պարույր Հայրիկյանի երեկվա պահվածքը ցուցանեց, որ նախագահական ամրությունները ճաք են տալիս, այն էլ՝ ներսից»: «Դա պարզապես հարված է թիկունքից. ի՞նչ է նշանակում նախընտրական արշավի սկզբին հայտարարել, թե Ռոբերտ Քոչարյանը նախընտրական խոստումները չի կատարում»:

«Եվ դո՞ւ, Բրուտոս» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթում էլ արձանագրվում է. «ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը, երեւի թե արմատականների նախընտրական սրացումներին անմասնակից-անաչառ դիտորդի (կամ, ինչպես ասում են, պետականամետ գործչի) անհեռանկար կեցվածքից բեզարած, երեկ կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ընդդիմադիր ոլորտ»: «Ընդդիմադիր կեցվածքը» ամրապնդելով հյութալի բառապաշարի լավագույն դրվագներով, առավել եւս՝ միանալով վերջիններիս հերթապահ-ինփիչմենթահարույց նախաձեռնություններին, Հայրիկյանը շատ արագ հհշական լրատվամիջոցների աչքի լույսը կդառնա», - հեռագծված է «Հայոց Աշխարհ»-ում: «Առավոտ»-ը խիստ կասկածելի է համարում Պարույր Հայրիկյանի, այսպես կոչված, ընդդիմադիր կեցվածքը, եւ, ինչպես նշել է՝ «շատ լավ հասկանում է, թե ինչու է ԱԻՄ-ը կտրուկ շրջադարձ կատարել։ Հայրիկյանը հարցումներ անել սիրում է եւ վստահաբար ընտրություններից առաջ կատարած հարցումները ԱԻՄ-ի եւ Պարույր Հայրիկյանի վարկանիշի օգտին չեն եղել։ Այս պարագայում այլ բան չէր մնում, քան «ընդդիմադիր» դառնալը»։

Քաղաքական կյանքում իրականում գոյություն չունեցող կուսակցությունների հրատապացած մղում-մտայնությունները Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Օրրան»-ի հարցազրույցում ձեւակերպել է այսպես. «Նախորդ ընտրություններից հետո նրանք անցան խոր թմբիրի վիճակի եւ հիմա արթնանալով՝ փորձում են կառչել մեկին կամ մյուսին՝ խորհրդարան հասնելու համար»: Ինչ վերաբերում է միջուկ կազմող մի քանիսին՝ «Այսօր ընդդիմադիր հարթությունում չկա որեւէ քաղաքական գործիչ, ում վերաբերյալ անվերապահ համաձայնություն կլինի: Մեկ թեկնածուի առաջադրման եւ ծրագրի մշակման խնդիրները կարող են հանգեցնել 4-5 քաղաքական ուժերի միջեւ պառակտումների»:

«Հայոց Աշխարհ» թերթում էլ Թորոսյանն այսօր հավաստիացնում է, որ իմփիչմենթի նախաձեռնությունը իսկապես առնչություն չունի «Հոկտեմբերի 27»-ի գործով հանձնաժողովի եզրակացության հետ: Եկող շաբաթ խորհրդարանում այս հարցի հանգուցալուծումը նա տեսնում է հետեւյալ շարունակությամբ. «Նախագիծը օրակարգում չընդգրկվելու դեպքում պետք է հավաքեն 44 պատգամավորների ստորագրություն եւ դիմեն Սահմանադրական դատարան: Միաժամանակ, դրանով, ըստ էության, պարզ կդառնա, թե խորհրդարանում քանի պատգամավոր է աջակցում նախագահին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»:

«Էմնիսթի ինթերնեյշնլ» կազմակերպության տեսակետը, թե Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցները համապատասխանում են «քաղաքական բանտարկյալներ» սահմանմանը, քանի որ գործում առկա են քաղաքական տարրեր, ընդհանուր առմամբ մեծ տարակուսանք է հարուցել, թեեւ մինչ «Առավոտ»-ի թղթակցի այսօրվա հարցումը Հայաստանի քաղաքական ուժերը արտահայտվելու նախաձեռնություն առանձնապես չէին ցուցաբերել: Ինչեւէ, անկախ քաղաքական դիրքերից, հիմա նրանք բոլորը «Առավոտ»-ում ընդգծում են, որ միջազգային այդ կազմակերպության չափանիշերը շատ սխալ են, անընդունելի, եւ ինքն էլ, որպես կազմակերպություն, լուրջ չի ընդունվում: «Եթե Բեն Լադենին կարելի է արդարացնել, համարելով, որ նրա հանցագործության պատճառների մեջ առկա են քաղաքական տարրեր, ուրեմն, կարելի է արդարացնել նաեւ Նաիրի Հունանյանին», - համեմատում է պատգամավորներից մեկը։

«Ազգ» թերթը այսօր ահազանգում է. «Մի քանի ամիս առաջ Երեւանի որոշ շրջանակներում շրջող խոսակցությունները կարծեք իրականություն են դառնում։ Երկու-երեք շաբաթ է արդեն, որ մայրաքաղաքում հանդիպում են վաղուց մոռացված դեմքեր՝ «օրենքով» եւ «ոչ օրենքով» գողեր, հայտնի ու նվազ հայտնի խաբեբաներ, որոնք 93-94 թթ.-ին, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ջանքերով փախուստ էին տվել եւ ապաստան գտել Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում»։ Գողերի վերադարձը բացատրվում է Հայաստանում նոր գործունեություն ծավալելու հնարավորության մեծացմամբ։ «Ինչպես հայտնի է, գողերը գնում են այնտեղ, որտեղ գողանալու բան կա։ Իսկ Երեւանում գողանալու բաները վերջերս շատացել են», - ակնարկում է «Ազգ»-ը։

Մեր երկիրը արտոնյալ-անձեռնմխելիների երկիր է կրկին որակվում «Օր» թերթում: Հերթական առիթն այն է, որ այսօր կայանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը, իսկ ամենահավանականը գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտրվելն է: «Դժվար է պատկերացնել, որ եվրոպական որեւէ քաղաքակիրթ երկրում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կարող է առաջադրվել կամ ընտրվել մի անձնավորություն, որը կարող է դառնալ քրեական գործի հերոս», - գրում է մեկնաբանը, միանգամայն օրինաչափ տեսնելով, որ հիշյալ անձի մասնակցությամբ վերջին խուլիգանական հարձակման գործն էլ կոծկվի:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG