Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը հայտնվել է «մարդկանց ապօրինի փոխադրումները» չկանխող երկրների ցուցակում


«Ասոշիէյթեդ Փրես» գործակալությունը հրապարակել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի նոր զեկույցը, ըստ որի 19 երկրներ բավարար միջոցներ չեն ձեռնարկում երկրից երկիր՝ միջազգային սահմանները հատելով, մարդկանց ապօրինի փոխադրումները կանխելու ուղղությամբ:

Պետդեպարտամենտի զեկույցը պատրաստվել է ի կատարումն 2000 թվականի հոկտեմբերին ընդունված օրենքի, որը նպատակ ունի ուշադրություն սեւեռել հիմնախնդրի վրա, որի զոհ դարձած հազարավոր մարդիկ ապօրինի կերպով երկրից երկիր են տեղափոխվել՝ շինարարական հրապարակներում, դաշտերում, հասարակաց տներում աշխատելու համար:

Օրենքի շրջանակներում 2003 թվականից տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն այն երկրների նկատմամբ, որոնք միջոցներ չեն ձեռնարկի մարդկանց ապօրինի փոխադրումների կազմակերպիչների դեմ:

Ամենաստորին՝ «3-րդ շերտը» կազմող այդ 19 երկրների շարքում՝ Բահրեյն, Իրան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Աֆղանստան, Բելառուս, Բոսնիա, Հունաստան, Ղըրղզստան, Լիբանան, Ռուսաստան, Թուրքիա, Տաջիկստան եւ այլն, նշվել է նաեւ Հայաստանը: Այս երկրները, ըստ զեկույցի, չեն համապատասխանում ընդունված օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին:

Ըստ Միգրացիայի եւ փախստականների վարչության աշխատակազմի ղեկավար Վարդան Գեւորգյանի, պետական օղակների՝ ապօրինի փոխադրումները կանխելուն ուղղված քայլերը ձախողվում են նաեւ վարչահրամայական մեթոդների թուլացման պատճառով: Նրա խոսքերով, մարդկանց ապօրինի փոխադրումների հիմնական կազմակերպիչները՝ ճամփորդական գործակալությունները, նախկինում արտոնագրվում էին վարչության կողմից, ինչն իրավիճակը վերահսկելու հնարավորություն էր տալիս: Չորս տարի առաջ, սակայն, կառավարության որոշմամբ, այդ կարգը վերացվեց:

Ըստ փորձագետների, Հայաստանից անօրինական փոխադրումներ իրականացնող մյուս խումբը կազմում են երգի-պարի համույթները: Երեխաները փոխադրվում են որդեգրումների միջոցով:

Ապօրինի փոխադրումները կանխելու նպատակով Հայաստանը, Վրաստանի եւ Ադրբեջանի օրինակով, վերջերս ստորագրել, սակայն դեռ չի վավերացրել միջազգային կազմակերպված հանցավորությանը, ապօրինի փոխադրումներին, անօրինական սահմանահատումներին առնչվող կոնվենցիան: Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նոր Քրեական օրենսգրքի նախագծում մարդկանց ապօրինի փոխադրումների կազմակերպիչների համար ավելի մեծ պատիժ է սահմանվում, քան գործող օրենսգրքով:

Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում անցկացրած հարցման 100 մասնակիցներից 11-ը ասել են, որ արտերկրում ենթարկվել են բռնության եւ տանջանքի: Հարցվածներից 6-ը նշել են, որ միջնորդը արտասահմանում չի վերադարձրել անձնագրերը: Արտասահմանյան ուղեւորությունից խիստ դժգոհ են եղել 100 հարցվածներից 12-ը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG