Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավարը քննադատում է նոր օրենքը


Ավիացիայի բնագավառում հեղինակություն վայելող, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի երբեմնի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը չորեքշաբթի օրը խիստ բացասական կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդունած եւ երկու օր առաջ նախագահ Քոչարյանի կողմից ստորագրված «Ավիացիայի մասին» օրենքը:

Այդ, ինչպես նաեւ «Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» օրենքները նաեւ քաղաքական ընդդիմության սուր քննադատության թիրախ էին: Սակայն, անշուշտ, մի բան է, երբ ավիացիայի ոլորտը կարգավորող նորաթուխ օրենքը քննադատում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մեկ այլ բան է, երբ քննադատության խոսք է հնչեցնում այդ բնագավառի ճանաչված մասնագետը:

«Ավիացիայի մասին» օրենքը, ըստ Դմիտրի Ադբաշյանի, գրել են կիսագրագետ մարդիկ: Օրենքում բացակայում են այդօրինակ փաստաթղթերին բնորոշ ամբողջական բաժիններ։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավարը «ապշած» է օրենքի հատկապես այն դրույթից, որով ավիաուղիների շահագործողից պահանջվում է օգտագործել գերազանցապես սեփական ինքնաթիռներ: «Ամբողջ աշխարհի ընկերությունները աշխատում են վարձակալված կամ լիզինգով վերցված ինքնաթիռներով, իսկ աղքատ Հայաստանում, չգիտես ինչու, ավիաընկերությունը պետք է օգտագործի բացառապես սեփական ինքնաթիռները։ Դա նշանակում է, որ նույնիսկ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը պետք է փակել, քանի որ շահագործում է վարձակալված օդանավեր», - ասաց Ադբաշյանը։ Նրա խոսքերով, օրենքում արված այն բացառությունը, թե քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ելնելով պետական շահերից, կարող է շրջանցել այդ կետը, ոչ այլ ինչ է, եթե ոչ կոռուպցիա ծնող դրույթ։

«Ավիացիայի մասին» օրենքը գրվել է ոչ թե ավիացիայի արմատական խնդիրները կանոնակարգելու, այլ կոնկրետ երկրի մեկ օդանավակայանի՝ «Զվարթնոցի», երկարաժամկետ կոնցեսիան իրավաբանորեն հիմնավորելու համար։ Ընդ որում, օրենքը գրողները, ըստ Ադբաշյանի, «արջի ծառայություն» են մատուցել «Զվարթնոց»-ը 30 տարով վարձակալած Էդուարդո Էռնեկյանին, երբ օրենքով Գյումրու օդանավակայանը զրկել են միջազգային կարգավիճակից։

«Ես չգիտեմ, թե այդ ռեգիոնի բնակչությունը հիացած կլինի նման լուծմամբ, թե ոչ , սակայն «Զվարթնոց»-ի վարձակալը հաստատ շատ կտխրի», -ասաց Դմիտրի Ադբաշյանը: - «Պատկերացրեք այն օդանավի հրամանատարի հոգեվիճակը, որը հեռավոր Ճապոնիայից կամ Թաիլանդից թռչում է Երեւան ու գիտե, որ միայն մեկ իջնելու տեղ ունի, մինչդեռ, Գյումրու օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելը ոչ միայն չնախատեսված դեպքերում վայրէջքի այլընտրանք կստեղծեր, այլեւ կբարձրացներ «Զվարթնոց»-ի բաժնետոմսերի գինը»:

«Զվարթնոց»-ը, Ադբաշյանի պնդմամբ, համապատասխանում է միջազգային ամենաբարձր ստանդարտներին, ԱՊՀ երկրների մեջ բացառիկ է ու կարող է գոյատեւել առանց մեծածավալ ներդրումների։ Նրա խոսքերով, «Զվարթնոց»-ը այսօր օգտագործում է իր կարողությունների ընդամենը 5-6 տոկոսը եւ կարող է շատ փոքր՝ ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլարի ներդրումների բազմապատկել թե' ուղեւորների եւ թե' բեռների փոխադրումները ու բնավ էլ հարկ չկար այդ նպատակով մեկ ընկերությանը բացառիկ պայմաններով մենաշնորհ տրամադրել։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG