Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան. «Հոդվածը ծայրից-ծայր անհեթեթություն է»


Մայիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Ջորջիըն թայմս» օրաթերթը «Հայաստանի նախագահի ահաբեկչական անցյալը» ընդարձակ հոդվածում Հայաստանին, Դաշնակցությանը, երկրի նախկին եւ ներկա նախագահներին ահաբեկչությունը հովանավորելու անհիմն, ծանր մեղադրանքներ էր ներկայացրել:

Ըստ օրաթերթին վրացական գաղտնի ծառայությունների տրամադրած տեղեկատվության, այս տարվա մարտին հայկական ահաբեկչական կազմակերպությունները հանդիպում են ունեցել Շվեյցարիայում, ուր այդ կազմակերպությունների առաջնորդները Սամցխե-Ջավախքում անջատողականությունը խրախուսելու, երկրամասի հայկական կազմակերպություններին զինելու նպատակով հանգանակել են միլիոնավոր դոլարներ։

«Հոդվածը ես մեկ բառով կարող եմ բնորոշել՝ ծայրից-ծայր անհեթեթություն է», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ավելացնելով, որ հրապարակման թիկունքում քաղաքական ուժեր են կանգնած, որոնք կամենում են Հայաստանը դարձնել հակաահաբեկչական պայքարի թիրախ:

Այս հրապարակումն, ըստ Ռուստամյանի, այն ուժերի ձեռքի գործն է, որոնք, ասենք, Լեռնային Ղարաբաղը ցանկանում են ներկայացնել իբրեւ ահաբեկիչների պատրաստման կամ թմրաբիզնեսի հենակետ, եւ այդ ուժերի ջրաղացին ջուր լցնողներ կան նաեւ հայ իրականության մեջ:

Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 10-11-ը Կասաբլանկայում տեղի ունեցած Սոցինտերնի խորհրդի նիստի ընդունած բանաձեւով ՀՅԴ-ն ասոցիացված անդամից վերածվել է լիիրավ անդամի:

«Ընկերվար միջազգայնականը [Սոցինտերնը] պիտի օժանդակի միջազգային համայնքին, վրացական կառավարությանը եւ տեղի ոչ կառավարական կազմակերպություններին՝ լուծելու Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի հայ բնակչության դիմագրաված ընկերային, տնտեսական, մշակութային եւ քաղաքական խնդիրները», - ասաց Ռուստամյանը, ավելացնելով, որ Սոցինտերնը նաեւ մտադիր է նպաստել առհասարակ Հարավային Կովկասի խաղաղ զարգացումներին՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ հիմնված արդարության եւ միջազգային իրավունքի վրա:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG