Մատչելիության հղումներ

«Այբ-Ֆե» օրաթերթը կսկսի հրատարակվել արդեն մոտ ապագայում





Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի՝ ապրիլի 2-ի որոշմամբ իր կապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լրատվական ծառայության ստեղծագործական կազմը մոտ տասը օրից լույս կընծայի «Այբ-Ֆե» օրաթերթի առաջին համարը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Մելտեքս» ընկերության (որի կազմում է «Ա1+» ընկերությունը) տնօրեն Մելս Մովսեսյանը, իշխանություններն առայժմ որեւէ կերպ չեն խոչընդոտել օրաթերթի գրանցման աշխատանքներին:

«Թերթը դա նույն «Ա1+»-ի եթերն է լինելու՝ թղթի վրա», - ասաց Մելս Մովսեսյանը: - «Այնտեղ կլինեն ինչպես «Այբ-Ֆե»-ի նորությունները, այնպես էլ վերլուծական հոդվածներ՝ նույն ոճով, նույն դիրքորոշմամբ»:

Նոր օրաթերթի խմբագիրը Պերճուհի Տատուրյանն է: Բացի «Այբ-Ֆե» լրատվական գործակալության ստեղծագործական կազմից, հրավիրվելու են նաեւ այլ լրագորղներ: 8 էջից բաղկացած օրաթերթը հրատարակվելու է 3000 օրինակ տպաքանակով:

Թերթի ֆինանսավորումը, ըստ Մովսեսյանի, իրականացվելու է «Ա1+» հեռուստաընկերության ռեսուրսները մոբիլիզացնելու եւ նորաստեղծ «Խոսքի եւ մամուլի աջակցության հիմնադրամի» միջոցներով: Վերջինս ստեղծվել է մոտ երկու շաբաթ առաջ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին փոխնախագահ Վարդան Հարությունյանի նախաձեռնությամբ:

Հիմնադրամը դեռեւս չի գրանցվել արդարադատության նախարարությունում, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Հարությունյանը, իր անունով բացված հաշվեհամարում արդեն բավականաչափ մուտքեր եղել են՝ «անհատ քաղաքացիների կողմից»: Հարությունյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե որքան գումար է հավաքվել եւ արդյո՞ք քաղաքական կուսակցությունները մասնակցել են դրամահավաքին:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG