Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի զեկույցը Ադրբեջանին մեղադրում է փախստականների հարցը քաղաքականացնելու համար


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի փոխանցմամբ, ըստ Եվրախորհրդի պատգամավոր Վերմուտ Մանգոլտի պատրաստած զեկույցի, Ադրբեջանը մեղադրվել է փախստականների խնդիրը հումանիտար դաշտից քաղաքական դաշտ տեղափոխելու համար:

Հովհաննես Հովհաննիսյանը օրերս Լյուցեռնում մասնակցել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի երկու՝ քաղաքական եւ փախստականների ու միգրացիայի հանձնաժողովների նիստերին:

Մեծ ջանքերով ադրբեջանական պատվիրակությունը ԵԽ օրակարգ էր մտցրել Հարավային Կովկասում փախստականների վիճակի հարցը, որի վերաբերյալ Լյուցեռնում լսվել է վերջնական զեկույցը: Այն պատրաստել էր շվեյցարացի պատգամավոր Վերմուտ Մանգոլտը: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, դա օբյեկտիվ եւ Ադրբեջանի համար անսպասելի զեկույց էր: Հիշատակվել է ոչ թե 1 միլիոն փախստականի մասին, ինչը սիրում է կրկնել ադրբեջանական կողմը, այլ՝ 570 հազար տեղահանված անձանց եւ 120 հազար փախստականի մասին: Ադրբեջանը նաեւ մեղադրվել է փախստականների խնդիրը հումանիտար դաշտից քաղաքական դաշտ տեղափոխելու համար:

Լյուցեռնում հերթական անգամ քննության է առնվել նաեւ Եվրախորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող նշանակելու հարցը եւ կրկին բաց է մնացել:

«Նրանք այդպես էլ չեն կարողանում ֆիքսել այն սահմանը, որի շրջանակներում պիտի պատրաստվի զեկույցը», - հարցի ձգձգման պատճառը բացատրեց Հովհաննես Հովհաննիսյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG