Մատչելիության հղումներ

Անկախ թերթերի հովանավորները գերադասում են անհայտ մնալ


3-7 հազար տպաքանակ ունեցող անկախ թերթերը Հայաստանում հովանավորներ ունեցել են եւ ունեն: Թերթերի խմբագիրներն իրենք են սա հաստատում: Միայն «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը պնդեց, թե իրենց թերթը գովազդի եւ հատավաճառի եկամուտներով փակում է ծախսերը:

«Հայաստանի պայմաններում 7-8 հազար տպաքանակն այն սահմանն է, որից հետո որեւէ թերթ դառնում է շահութաբեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գալաջյանը:

«Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, սակայն, զգուշացրեց, որ կլինեն ասողներ, թե իրենց թերթն ինքնաբավ է, բայց դա «հեքիաթ է»: «Մեկը կարող է իր ծախսերը 30, մյուսը՝ 50 տոկոսով հոգալ, բայց առանց հովանավորի այսօր որեւէ լրատվամիջոց, ցավոք սրտի, գոյատեւել չի կարող... Մենք ունենք մի քանի հովանավորներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը:

«Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքերով, իր թերթը ծախսերի 80 տոկոսն է փակում, մնացածը տալիս են հովանավորները: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հավաստմամբ, ամեն ամիս 5 միլիոն դրամ ինքնուրույն վաստակելով հանդերձ, թերթի լրիվ ծախսերը փակելու համար 2 միլիոն դրամ պակասում է, եւ ստիպված են «մուրացկանություն անել»: Բայց նկատվում է հստակ միտում. եթե նախկինում որեւէ անկախ թերթի հովանավորը միայն մեկն էր, աստիճանաբար հովանավորների թիվն ավելանում է, «աջակցության» ծավալը՝ մանրանում՝ որոշ դեպքերում դառնալով ոչ մշտական:

«Ինչքան փոքր է գումարը, այնքան անկախ ես: Եթե միանգամից 5000 դոլար ես վերցնում, ապա դու կախված ես, եթե 500-ական դոլար ես վերցնում ամեն մեկից, ապա ավելի քիչ ես կախված: Նա չի կարող այդ 500 դոլարի դիմաց քեզ ինչ-որ քաղաքականություն թելադրել», - ասաց Արամ Աբրահամյանը:

Մյուս ընդհանուր միտումը՝ որեւէ թերթ երբեւէ չի հրապարակում իր այդ պահի հովանավորի անունը: Արամ Արբահամյանը, Նիկոլ Փաշինյանը դա բացատրում են նրանով, թե ընդդիմադիր թերթ հովանավորող գործարարները կարող են խնդիրներ ունենալ իշխանությունների հետ: Նախադեպեր, նրանց հավաստմամբ, եղել են:

Աբրահամյանը վստահեցնում է, որ ինքը հաճույքով ու հպարտությամբ կհրապարակեր այդ անունները, բայց հենց հովանավորները չեն ուզում: Իշխանամետ համարվող թերթերը նույնպես չեն հրապարակում հովանավորների անունները: «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը, օրինակ, դա կոռեկտ չի համարում:

«Արսոյլ» համատեղ ձեռնարկության խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով, այդ աջակցությունն իրենց արածի մեջ այնքան փոքր գործ է, որ անհարմար է թմբկահարել այդ մասին: Հարցին, թե արդյո՞ք դա պայմանավորված չէ երկյուղով, թե «ոչ այն թերթին» օգնելը կարող է խնդիրների առաջացնել իշխանությունների հետ, Արսենյանը պատասխանեց. - «Գիտե՞ք ինչ, ես իմ երկրում այս կամ այն իշխանության թույլտվությամբ չեմ ծնվել: Ապրում եմ իմ ունեցած աշխարհայացքով, ընկալումներով, եւ բացարձակապես չեմ փորձում կյանքս կապել իշխանությունների վերաբերմունքի հետ»:

«ՍԻԼ» կոնցեռնի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր, խոշոր գովազդատու Խաչատուր Սուքիասյանը միանշանակ կերպով պնդում է, որ թերթերին ոչ գովազդային պատվերը միմիայն ազատ տնտեսության եւ ընդհանրապես ազատականության գաղափարների քարոզի համար է, ինչը խիստ անհրաժեշտ է գործարարներին:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ամեն գործարար իր պատկերացրած Հայաստանն ունի, եւ փող է տալիս այն թերթին, որի պատկերացումներն իրենի հետ համընկնում են:

Անիմաստ է ստուգել հովանավորների վերաբերյալ նույնիսկ երբեւէ հրապարակված տեղեկությունները: Օրինակ, որ 1997-99 թվականների «Առավոտ»-ին ֆինանսապես հովանավորում էր այն ժամանակ ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը: Արամ Աբրահամյանը չուզեց խոսել այդ մասին՝ համարելով, գեղեցիկ չի լինի դա անել առանց ֆինանսավորողի թույլտվության. - «Իրեն հարցրեք»: Իսկ Սերժ Սարգսյանը ճիշտ չհամարեց հարցը «Ազատություն» ռադիոկայանով հնչեցնելը. - «Ինչ եղել է՝ եղել է»:

Արամ Աբրահամյանը, հարցին, թե ընդունելի՞ էր թերթի համար ազգային անվտանգության կառույցի հովանավորությունը, պատասխանեց, «1997-99 թվականների «Առավոտ»-ից բոլորովին չէր զգացվում, որ դա պետական կառույց է ֆինանսավորում»:

«Թերթ տպելու համար փող վերցնելը նույնն է, ինչ քարտաշի համար քար վերցնելը: Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում... Օրինակ, 3,5 միլիոն դրամի պարտքի հաշիվ է ուղարկել տպարանը, կամ պիտի փակվեմ կամ՝ էլի մուրացկանություն անեմ», - ասաց «Առավոտ»-ի խմբագիրը:

Ի պատասխան տեղեկությանը, թե գոյություն ունի Լոնդոն-Երեւան, այսպես ասած, փողային ճանապարհ, որով տեղ են հասնում ընդդիմադիր համարվող թերթերի գումարները, Արամ Աբրահամյանը ասաց. «Ես երանի կտայի, ամեն օր ճակատագրին շնորհակալություն կհայտնեի, եթե Վաչե Մանուկյանը կամ Արմեն Սարգսյանն ինձ որեւէ կոպեկ, որեւէ ցենտ տային: Ես շատ շնորհակալ կլինեի եւ, եթե նրանք թույլ տային, բարձրաձայն կհայտարարեի այդ մասին, ուրախ եւ երջանիկ կապրեի»:

Ըստ տեղեկությունների, «Գոլոս Արմենիի» թերթը հովանավորում է «Կոնվերս» բանկի նախագահ Սմբատ Նասիբյանը՝ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի մտերիմը եւ՝ վերջինիս իսկ ցուցումով: Ալեքսան Հարությունյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ֆինանսական հովանավորները չեն որոշում որեւէ թերթի անկախության չափը, դա որոշում են թերթում աշխատող լրագրողները:

Ինչ վերաբերում է լրագրողական մեկ այլ վարձատրության՝ ծրարներով եղանակին, Փաշինյանի կարծիքով, «նվաստացուցիչ բան կա դրա մեջ»: «Պատգամավորներ, նախարարներ նույնպես ստանում են, պայուսակներով ստացողներ կան, հաշվեհամարներով ստացողներ», - ավելացրեց նաեւ: - «Նախ, լրագրողներն ամենապակաս կոռումպացվածն են Հայաստանում: Ապա՝ ամեն մեկն ինքն է որոշում իր ազատության աստիճանը»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG