Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանը պնդում է, որ նախագահի պաշտոնանկության հարցը արդեն ԱԺ օրակարգում է


Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, հնչեցնելով նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցը ԱԺ օրակարգ մտցնելու նախաձեռնության հեղինակների եւ կողմնակիցների կարծիքը, ուրբաթ օրը հայտարարեց, թե նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին նախագիծը արդեն իսկ ԱԺ օրակարգում է:

Վկայակոչելով ԱԺ նոր կանոնակարգը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը մայիսի 29-ին ներկայացրել էր Քոչարյանի պաշտոնանկության մասին օրինագիծ, պնդելով, թե քանի որ այն հիմնված է «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության վրա, պետք է առանց քվեարկության մտնի Ազգային ժողովի օրակարգ:

ԱԺ խումբ-խմբակացությունների մեծ մասի տեսակետն է, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունից ամենեւին էլ չի բխում, թե նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հիմքեր են ձեւավորվել:

Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, սակայն, արված առաջարկությունը բխում է «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից, քանի որ վերջինում նշված է, որ «վտանգված է եղել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Պատգամավորը անդրադարձավ նաեւ մահապատժի վերացման հարցին: Դալլաքյանը համոզմունք հայտնեց, որ մահապատժի վերացումը չի կարելի դնել հանրաքվեի, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը (բերվեց Ֆրանսիայի օրինակը), ժողովուրդը միշտ դեմ է մահապատժի վերացմանը:

Նրա խոսքերով, սակայն, մահապատիժը բոլոր դեպքերում պետք է վերացվի, քանի որ մահապատիժն արգելող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է:

Վիկտոր Դալլաքյանը, այդուհանդերձ, ներկայացրեց նոր Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ վերապահումներ: Ըստ այդմ՝ դրանում ամրագրված դրույթները չեն տարածվում «այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ», ինչը լիովին տարածվում է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա:

Բացի այդ, ըստ նրա, Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուն նախորդելու է բարդ օրենսդրական ընթացակարգ, ինչը «անսահամանափակ ժամանակով» հետ է գցելու մահապատժի վերացումը:

Վիկտոր Դալլաքյանը ասաց, որ իբրեւ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, մտադիր է գործադրել օրենդրական բոլոր մեխանիզմները, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա մահապատիժը տարածվի:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG