Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման





Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամ տուգանքի: Սաղաթելյանի կողմնակիցները համոզված են, որ դատավորը կատարել է իշխանությունների պատվերը:

Մայրաքաղաքի Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանը, փաստորեն անփոփոխ թողնելով մեղադրական եզրակությունը, ուրբաթ օրը հրապարակեց դատավճիռը. 7 տարի ազատազրկում՝ ուժեղացված ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում եւ տուգանք՝ 90 հազար դրամի չափով:

Դատավճռի հրապարակումից հետո դահլիճից հեռացող դատավորի վրա տեղաց գրիչների ու թղթագնդերի տարափ: Ակնհայտ էր, որ Սաղաթելյանի կողմնակիցները ավելի մեղմ դատավճիռ էին ակնկալում: Խնդիրն այն է, որ եթե Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվեր մինչեւ 5 տարով ազատազրկման, ապա նրա վրա կտարածվեր մեկ տարի առաջ հայտարարված համաներումը ու նա ազատ կարձակվեր դատարանի դահլիճից:

Պատժաժամկետը սահմանվել է Քրեական օրենսգրքի 183-րդ՝ իշխանազանցություն, հոդվածով նախատեսված հանցագործության համար: Դատարանը քննության է առել իշխանազանցության դրսեւորման երեք դրվագ: Առաջինը «Գնդապետների գործն է», երբ 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Երեւանի Բուսաբանական այգում ծեծի էին ենթարկվել իրավապահ մարմինների մի խումբ բարձրաստիճան սպաներ: Երկրորդը 1996 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձություններն էին, երբ ներքին գործերի նախարարությունում ծեծի էին ենթարկվել ներկայումս ԱԺ պատգամավորներ Աղասի Արշակյանը, Ֆիլարետ Բերիկյանը, լրագրող Գագիկ Մկրտչյանը եւ այլոք: Եվ վերջապես, երրորդը փախուստի դիմած կալանավորների դրվագն է, երբ կրկին ձերբակալված կալանավորներից մեկը մահացել էր՝ ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Ավելի փոքր պատժաժամնետները՝ կեղծ դիպլոմ ձեռք բերելու եւ հանրապետության նախագահի ու պաշտպանության նախարարի նկատմամբ «Հոկտեմբերի 27»-ի գործի առնչությամբ կեղծ մեղադրանք նախապատրաստելու համար, կլանվել են ավելի մեծ պատժաժամկետով:

Սաղաթելյանը ձերբակալվել էր անցած տարեվերջին, այն բանից հետո, երբ հրապարակայնորեն մեղադրեց նախագահ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողությունը կազմակերպելու մեջ:

Ավելի քան երկու ամիս տեւած դատավարության ողջ ընթացքում Մուշեղ Սաղաթելյանը շարունակաբար հերքել է բոլոր մեղադրանքները՝ ասելով, թե «իշխանությունները իր նկատմամբ կազմակերպել են հետապնդում»:

«Խայտառակ դատավճիռ է, իրավաբանությունը ժխտող դատավճիռ է», - ասաց Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Գրիգորյանը: - «Խախտումների հեղեղ կա, որոնք իրավաբանության մեջ չեն տեղավորվում, սա ծաղրուծանակ էր»:

Իսկ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը այսպես մեկնաբանեց դատավճիռը. - «Իշխանությունները պատվեր կատարողներ էլ շատ վատ են ճարում, որովհետեւ շատ վախեցած էր կարդում [դատավորը]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը: - «Ու ճիշտ էր անում, որ վախեցած էր կարդում: Կարծում եմ, կյանքն ավելի թանկ է, քան նման պատվերներ կատարելը»:

Դատավճիռը կարող է բողոքարկվել 15 օրվա ընթացքում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG