Մատչելիության հղումներ

Օսկանյանը ամփոփում է երկրորդ համահայկական խորհրդաժողովի արդյունքները


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր հրավիրած ասուլիսում ամփոփեց Հայաստան - Սփյուռք երկրորդ խորհրդաժողովի արդյունքները: Լրագրողների խնդրանքով, նախարարն անդրադարձավ նաեւ մի շարք այլ հարցերի:

«Դրական ենք գնահատում խորհրդաժողովը», - ասաց Օսկանյանը: - «Գտնում ենք, որ հաջողված փորձ էր եւ' իր մասնակցության առումով, եւ' բովանդակության առումով»:

Նախարարը հրապարակեց վերջնական տվյալները. երկրորդ համահայկական խորհրդաժողովին մասնակցել է 48 երկրներից 2600 մարդ, որոնցից 1500-ը սփյուռքից: 100-ից ավելի առաջարկներ են արվել, որոնցից խորհրդաժողովի հավանությանն արժանացել են եւ առաջիկայում կիրականացվեն 7-ը: Դրանք, ըստ էության, գիտաուսումնական բնույթ ունեն. ստեղծել Ցեղասպանության հետազոտական կենտրոն, Սփյուռքի թանգարան, բժշկական տարածաշրջանային կենտրոն, համակարգիչներով ապահովել Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցները եւ այլն:

Համահայկական ուժերով ու միջոցներով իրականացվելիք տնտեսական որեւէ ծրագրի բացակայությունը նախարարը բացատրեց այսպես. «2500 հոգով բիզնես անելը մի քիչ դժվար կլինի: Տնտեսությունը իսկապես այսօր մասնավոր ոլորտին վերաբերող խնդիր է»:

Նախարարը, այդուհանդերձ, ավելացրեց, որ միասնական տնտեսական ծրագրերի բացակայությունը չի նշանակում, թե այդ ուղղությամբ աշխատանք չի տարվել: Այդ ոլորտը, Օսկանյանի խոսքերով, ամենաակտիվներից մեկն եղել՝ աշխատել է հայկական ապրանքների ցուցահանդես, անցկացվել է առեւտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք եւ այլն:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ համաժողովի անցկացման ժամկետը դեռ որոշված չէ. դա կախված է աշխատանքային խմբերի գործունեության արդյունավետությունից, ծրագրերի իրականացման ընթացքից:

Պատասխանելով Պուտին-Բուշ հանդիպման ընթացքում ընդունված համատեղ հայտարարությանը վերաբերող հարցերին, նախարարը դրական գնահատեց, որ նման գագաթնաժողովի ընթաքում անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտությանը:

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները մայիսի 24-ին Մոսկվայում հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում անդրադարձել էին հարավկովկասյան հակամարտություններին՝ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորելով «ճկություն եւ կառուցողական մոտեցում ցուցաբերել» ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցություններում:

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները նաեւ հայտարարել էին, որ չեն մրցակցելու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: «Կարծում ենք, որ ինչքան այդ բեւեռացումը եւ մրցակցությունը մեր տարածաշրջնում գերուժերի միջեւ նվազի, այդքան օգուտ կլինի տարածաշրջանին եւ հատկապես Հայաստանին», - այս առնչությամբ ասաց Օսկանյանը, նկատի ունենալով Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքականությունը, որը դրանով ավելի արդյունավետ է դառնում:

Իրանին չթույլատրված սարքավորումներ վաճառելու մեղադրանքով ԱՄՆ-ն հայաստանյան «Լիզին» ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառեց: Պատժամիջոցների կիրառման մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո՝ մայիսի 10-ին արտգործանախարությունը հայտարարել էր, որ «Հայաստանի իշխանությունները արդեն սկսել են ակտիվ երկխոսություն ԱՄՆ պետդեպարտամենտի հետ՝ իրավիճակը պարզելու եւ առաջ եկած խնդիրներին լուծումներ տալու վերաբերյալ»:

«Այս պահին չեմ կարող շատ մանրամասնել, խորանալ մեր երկխոսության բովանդակության մեջ», - այդ կապակցությամբ ասաց Վարդան Օսկանյանը: - «Ուղղակի կարող եմ ասել, որ դա բավականին լուրջ խնդիր է, մեր օրակարգում է եւ մենք երկխոսության մեջ ենք Միացյալ Նահանգների ղեկավարության հետ»:

Նախարարը մեկ անգամ էլ ընդգծեց, որ պատժամիջոցները վերաբերում են միայն «Լիզին» մասնավոր ընկերությանը:

Այս ամիս Ռեյկյավիկում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործանախարների առաջին հանդիպումից հետո թուրքական մամուլը գրել էր, թե նրանց հաջորդ հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին Ստամբուլում: Վարդան Օսկանյանի խոսքերով, ռեյկյավիկյան հանդիպումից հետո արտգործնախարարները հայտարարել էին, որ օգտագործելու են առաջիկա բազմակողմ հանդիպումները՝ եռակողմ բանակցությունները կշարունակելու համար: Եվ քանի որ Ռեյկյավիկից հետո առաջիկա միջազգային հանդիպումը իրոք Ստամբուլում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովն է, «կարելի է եզրակացնել, որ այդ հանդիպումը այնտեղ տեղի կունենա»:

«Բայց դեռեւս մեր երեքի միջեւ լրացուցիչ կապ չի հաստատվել՝ վերահաստատելու համար այդ հանդիպման իրողությունը», - ասաց Օսկանյանը, մեկ անգամ էլ ընդգծելով, որ եռակողմ հանդիպումները չեն նշանակում, թե Թուրքիան միջնորդի դեր է կատարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. - «Նոր միջնորդների կարիքը չկա, եւ Թուրքիան եւս դա հասկանում է»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG