Մատչելիության հղումներ

Կառավարությունը խիստ սահմանափակում է ծխախոտի եւ ոգելից խմիչքի գովազդը





Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Գովազդի մասին» օրենքում փոփոխությամբ ծխախոտի եւ թունդ ոգելից խմիչքի գովազդը զարգվածային լրատվամիջոցներում ենթակա կլինի նոր՝ ավելի խիստ սահմանափակումների:

Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, հիմնավորելով օրենսդրական այդ փոփոխությունը, վկայակոչեց նախարարության սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալները: Ըստ այդմ՝ հատկապես վերջին տարիներին ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հանրապետությունում աճել են սիրտ-անոթային, քաղցկեղային եւ թոքային հիվանդությունները ու դրանցով պայմանավորված մահացությունը։

«Ավելի շատ է սկսել տարածվել ծխելը անչափահասների եւ մասնավորապես աղջիկների շրջանում», - մտահոգություն հնչեցրեց նախարարը:

Ըստ Մկրտչյանի, ընդունված փոփոխությամբ գործադիրն առաջարկում է ընդհանրապես արգելել ծխախոտի եւ թունդ ոգելից խմիչքի գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, իսկ տպագիր լրատվամիջոցներում՝ կազմի կամ առաջին էջի վրա։

Առաջարկվում է նաեւ արգելել ծխախոտի կամ ոգելից խմիչքի գովազդում օգտագործել հայտնի մարդկանց անունները, գովազդն օգտագործել իբրեւ հասարակական հաջողության հասնելու միջոց: Այնպես որ, այս օրինագծի ընդունումից հետո շուկայից կվերանան հայտնի քաղաքական գործիչների, զորավարների կամ մշակույթի գործիչների դիմապատկերներով օղիներն ու գինիները։

Արեւմուտքը վաղուց է արգելել ծխախոտի եւ ոգելից խմբիչքների գովազդը, Արեւելյան Եվրոպայի երկրների մեծ մասը նույնպես ընդունել է նման գովազն արգելող օրենքներ։ Հայաստանում, սակայն, տարիներ ի վեր նման քայլերը բախվել են թե' արտադրող եւ թե' ներմուծող հզոր կլանների հակազդեցությանը:

Կառավարության նիստում, որն այսօր վարում էր նախագահ Քոչարյանը, հաստատվեց նաեւ «Պետական քաղաքացիական ծառայողների աշխատավարձի մասին» օրինագիծը։

Ըստ սոցապ փոխնախարար Աշոտ Եսայանի, այդ օրինագծով կառավարությունը պետական ծառայողների 4 խմբերից յուրաքանչյուրում առանձնացրել է 11 դաս, որոնցից յուրաքանչյուր հաջորդ դասի աշխատավարձը նախորդի նկատմամբ բարձր է լինելու 3 տոկոսով: Աշխատավարձի բարձրացումը, ըստ փոխնախարարի, կնպաստի կաշառառության կրճատմանը:

Ենթադրվում է, որ այս օրինագիծը, Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո, գործողության մեջ կդրվի հաջորդ տարվա հունվարի 1-ից: Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսում է հատկացնել շուրջ երկու միլիարդ դրամ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG