Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մի քանի օր Հայաստան - Սփյուռք տեսլականին նայելուց հետո մամուլը հայացքը կրկին վերադարձնում է հանապազօր ներքաղաքականին, մանավանդ՝ երեկ էլ մի նոր խթան ստացավ. «Երեկ գործող ընդդիմությունը առաջին անգամ շոշափելի հաջողության է հասել», - գրանցում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցով Սահմանադրական դատարան դիմելու առաջարկը մտել է խորհրդարանի օրակարգ»: «Երեկ խորհրդարանում տեղի ունեցածը իսկական անակնկալ էր խորհրդարանական մեծամասնության համար», - ընդգծվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Որեւէ մեկը չէր սպասում, որ փետրվարին ընդունված ԱԺ նոր կանոնակարգը նման թակարդ է նախապատրաստել Քոչարյանի համար, ուստի պետականամետ պատգամավորները չէին կողմնորոշվում՝ ինչպես փրկել իրավիճակը»: Ըստ մեկնաբանի՝ «Քոչարյանի պաշտոնանկության հարցը կարող է չքննարկվել միայն մեկ դեպքում, եթե խախտելով ԱԺ կանոնակարգը՝ Արմեն Խաչատրյանը գողականով հայտարարի, որ հարցը չի դնում քննարկման»: Ու թեեւ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները չեն հավատում, որ այս գործընթացով կհասնեն իրենց առաջադրած արդյունքին, միայն այն, որ Քոչարյանի պաշտոնանկության հարցը քննարկվելու է խորհրդարանում, արդեն համարվում է ընդդիմության հաղթանակ:

Այս երանգներն են շեշտված նաեւ «Առավոտ» թերթում, եւ գործնական սպասումներ այստեղ էլ չկան: «Հարցը անգամ Սահմանադրական դատարան չի տեղափոխվի։ Թեեւ, տեղափոխվելու դեպքում, ՍԴ քաջարի անդամները ի զորու են պաշտպանել ցանկացած նախագահի ցանկացած ընդդիմության հարձակումներից», - նշում է «Առավոտ»-ը: - Արդեն խորհրդարանում «որեւէ անակնկալ չի լինի. փակ գաղտնի քվեարկության արդյունքները կանխատեսելի են»։ Իմփիչմենթ ամեն դեպքում չի լինի:

Որպես այս վրդովումի ակունք առաջին հերթին ամոթանք ուղղելով «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին, «Հայոց Աշխարհ» թերթը գրում է. - «Թվում է, հանձնաժողովի անդամ պահանջատեր-երեսփոխանները եւ նրանց աջակիցները պետք է որ մեղա գային, ներողություն խնդրեին ժողովրդից էլ, ԱԺ-ից էլ, անձամբ նախագահ Քոչարյանից էլ՝ անհիմն կասկածներ տարածելու, հանրությանը մոլորեցնելու եւ անվստահության մթնոլորտը անհարկի սրելու համար: Բայց որքան էլ անհեթեթ է, հանձնաժողովի անպտուղ աշխատանքը ամփոփելու առիթն անգամ բաց չթողեցին՝ կույր վրեժխնդրության հերթական ակցիան երկնելու, հոխորտալու, չհաստատված կասկածները որպես «վաղուց արդեն բացահայտված», հաստատված ու անհերքելի ապացույցներով հիմնավորված անվիճելի իրողություններ ներկայացնելու համար»: «Մեկը չկա՝ սրանց ասի. կա'մ ապացուցեք հայտարարություններիդ ճշմարտությունը, կամ էլ բարի եղեք պատասխանատվություն կրել օրենքի առաջ», - ակնարկում է «Հայոց Աշխարհ»-ը:

Դեռեւս կասկածի տակ է պահվում եւ, թե արդյո՞ք ընդդիմության ներկայացրած նախագիծը իրականում բխում է «Հոկտեմբերի 27»-ի գործով հանձնաժողովի հաշվետվությունից, ինչպես պահանջում է օրենքը: Մասնավորապես վարչապետ Մարգարյանի արձագանքի հիման վրա սա տրվում է «Ազգ» թերթում, որը միաժամանակ արձանագրել է. «Ընդդիմությունը հաջողացրեց հնարավորություն գտնել իր ընտրազանգվածին համոզելու, որ, ձախորդություններից բացի, իրենք ի զորու են փաստի առաջ կանգնեցնել իշխանություններին»։

Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը «Օրրան» թերթի հարցազրուցում գնահատում է. «Ներկա քաղաքական իրավիճակը բնորոշվում է հարաբերական քաղաքական կայունությամբ, այնուհանդերձ՝ կա ներքին լարվածություն ու անորոշություն: Քաղաքական դաշտը դեռ հստակեցված չէ: Կարծես թե բեւեռացում է սկսվել՝ ընդգծված ընդդիմությամբ եւ իշխանամետությամբ, բայց դա խաբուսիկ է: «Ա1+» հեռուստաընկերության փակումը առիթ տվեց հանրապետության նախագահի դեմ ընդդիմության համախմբման: Դա հետեւանք էր իշխանությունների սխալ քաղաքականության: Հստակ համագործակցություն չկա իշխանական դաշտի կուսակցությունների միջեւ. առիթը բաց չեն թողնում այսօր ու վաղը նախագահին սատարող հայտարարվելու համար միմյանց վրա ցեխ շպրտել, ինչը շատ բացասական երեւույթ է եւ վերջին հաշվով վնասելու է հանրապետության նախագահին»:

«Օրրան»-ի մեկնաբանն էլ այսօր պնդում է. «Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է խորը մեկուսացման մեջ... Անզեն աչքով էլ արդեն իսկ ակնառու է, որ լուռ հակասություններ են առաջանում Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության վերնախավի միջեւ»: «Այսօր որեւէ լուրջ քաղաքական ուժ չի փորձում կոնսոլիդացիայի գնալ Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի կայացրած կոնսոլիդացիան կկայանա բացառապես առեւտրական պլատֆորմի վրա», - ուրվագծել է «Օրրան»-ը:

«Մասնավորապես, օպերայի շրջակայքում վերջին երեք հողահատկացումների հետ կապված հասարակական հնչեղություն ստացող խոսակցություններն արդեն ինձ խորհելու տեղիք են տալիս», - «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ է կիսվել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Քաղաքաշինական իրենց նորարարության առաջ բերած լայն վրդովմունքը Նազարյանը փորձում է մեղմել հետեւյալ հեռանկարներով. «Երեւանցին պիտի ավելի շատ շփվի օպերայի միջավայրի հետ, որովհետեւ վերջին շրջանում մշակութային արժեքներից հեռացել ենք: Իսկ ինչ վատ կլինի, եթե սրճարանները մշակութային օջախների դեր կատարեն նաեւ: Մարդիկ հավաքվեն, քննարկումներ անեն, նոր ներկայացումների շուրջ կարծիքներ փոխանակեն եւ այլն»: «Համոզված եմ, - վստահեցնում է քաղաքապետը, - «եթե վաղը այդ կառույցները մերժվեն երեւանցիների կողմից, նույն սեփականատերերը իրենց ձեռքով քանդելու են, քանզի անհնար է հաշվի չնստել հասարակական կարծիքի հետ ու անընդհատ հակառակվել, ինչ է թե՝ մի երկու կոպեկ շահույթ են ունենալու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG