Մատչելիության հղումներ




Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի եռօրյա պաշտոնական այցի ընթացքում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման շրջանակներում քննարկվել է Ռուսաստանից Հայաստան զենք եւ ռազմական տեխնիկա առաքելու հարցը:

Այցի ավարտին հրավիրած մամուլի ասուլիում Ռուշայլոն ասաց, որ հայկական կողմի այդ նախաձեռնությունը ներկայումս ուսումնասիրվում է փորձագիտական մակարդակով: Պարզ չդարձավ, սակայն, թե ինչպիսի եւ ինչ քանակությամբ զենքի ու ռազմական տեխնիկայի մասին է խոսքը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասաց, թե խոսքը սովորական զենքերի մասին է եւ ընդգծեց, որ Հայաստանը կատարել եւ կատարելու է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի սահմանափակումները:

Այսօր հանդիպելով Հայաստանի նախագահին, Վլադիմիր Ռուշայլոն Ռոբերտ Քոչարյանին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ հղած անձնական ուղերձը:

Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ռուսաստանի նախագահը նաեւ ընդգծել է, որ վերջերս Հավաքական անվտանգության պայմանագրի հերթական նստաշրջանում կայացած Պուտին-Քոչարյան հանդիպումը թույլ է տվել մի շարք կարեւոր հարցեր լուծել՝ կապված երկու երկրների միջեւ դաշնակցային գործընկերության խորացման հետ:

Ասուլիսում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց, որ Ռուսաստանի համար Հայաստանը ռազմավարական գործընկեր է, եւ Ռուսաստանի նախագահը անհրաժեշտ է համարել Ռոբերտ Քոչարյանին տեղեկացնել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունների, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման վերաբերյալ:

«Անհիմն կլինի հույս տածել, թե ռուս -ամերիկան գագաթնաժողովից հետո խնդիրը տեղնուտեղը կլուծվի», - պատասխանելով կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռք բերված համաձայնություններին վերաբերող հարցին, ասաց Ռուշայլոն՝ ավելացնելով, որ Երեւանում իր հանդիպումների ընթացքում նույնպես Լեռնային Ղարաբաղի խնդիրը, անշուշտ, քննարկվել է՝ տարածաշրջանի հակամարտությունների համատեքստում:

«Անտարակույս, հակամարտությունը կարգավորվելու է առաջին հերթին քաղաքական մեթոդներով», - ասաց Վլադիմիր Ռուշայլոն:

Երեւանյան հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ապօրինի միգրացիա, կադրերի պատրաստում եւ վերապատրաստում, տրանսպորտային ուղիների օգտագործում:

Պաշտոնական այցի օրակարգի հարցերից էր նաեւ տնտեսական անվտանգությունը: «Խոսքն այն մասին է, որ Հայաստանը միշտ պիտի ունենա գազ, հոսանք, վառելիք», - ասուլիսից հետո պարզաբանեց Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ էներգետիկ անվտանգության հարցում Իրան - Հայաստան գազատարի մասին չի խոսվել: «Որեւէ մեկը մեզ չի կշտամբել եւ չի կարող կշտամբել այդ գազատարի շինարարության հարցով», - ասաց նա:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG