Մատչելիության հղումներ

«Էմնիսթի ինտերնեշնլը» կրկին դատապարտում է մարդու իրավունքների խախտումները Հայաստանում


Հայաստանում բանտարկյալների համատարած ծեծը, պարտադիր զինծառայությունից կրոնական պատճառներով խուսափողների շարունակվող դատական հետապնդումը եւ մարդու իրավունքների այլ խախտումները կրկին դատապարտվել են հեղինակավոր «Էմնիսթի ինտերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից: 2001 թվականի զեկույցում, այդուհանդերձ, Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատությունը ավելի մեղմ է:

«Մեղադրանքներ կային, թե իրավապահ պաշտոնյաները մարդկանց ենթարկել են կտտանքների ու ծեծի՝ խոստովանություն կորզելու նպատակով», - ասված է երեքշաբի օրը հրապարակված զեկույցում: - «Մտահոգություններ կային, որ այդ մեղադրանքների գծով իշխանությունների անցկացրած հետաքննությունները համարժեք չէին»:

«Էմնիսթի ինտերնեշնլ»-ի անցած տարվա զեկույցը, մինչդեռ, ուղղակիորեն քննադատում էր իշխանություններին՝ իրավապահների դաժանությունը «համակողմանիորեն ու խորությամբ» չհետաքննելու համար:

Նշելով, որ Հայաստանում շարունակում են բանտարկվել կրոնական նկատառումներով պարտադիր զինծառայությունից հրաժարվող քաղաքացիները, զեկույցը, որպես «լավ նորություն», ողջունում է 2001 թվականի ընթացքում 16 Եհովայի վկաներին ազատ արձակելը: 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը պարտավորվել է ընդունել այլընտրանքային զինծառայության մասին օրենք, որն արդեն շրջանառության մեջ դրվել Ազգային ժողովում:

«Էմնիսթի ինտերնեշնլ»-ի Եվրոպայի գծով տնօրենի պաշտոնակատար Նիկոլա Դաքուորթը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե անդամակցությունը Եվրախորհրդին դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա: «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեսել ենք, առաջընթաց է, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ տարվող աշխատանքներում, ինչի շնորհիվ առանձնացվել են բարելավման կարիք ունեցող մի շարք առավել մտահոգություն հարուցող հարցեր»:

Դաքուորթը, սակայն, նշեց նաեւ, որ «որոշ ոլորտներում» առաջընթացը բավականաչափ արագ չէ: «Մեզ մտահոգում է, որ, չնայած Հայաստանի միջազգային պարտավորություններին, մենք շարունակում ենք ստանալ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմանը վերաբերող մեղադրանքներ»:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը դեռ չի կատարել Եվրախորհրդի առջեւ առանցքային պարտավորություններից շատերը՝ ներառյալ մահապատժի վերացումը:

Հայաստանում լայն տարածում ունի ոստիկանության կողմից կալանքի տակ գտնվող մարդկանց ծեծի ու կտտանքի ենթարկելը: «Էմնիսթի ինտերնեշնլ»-ը, ինչպես նաեւ Արեւմուտքի այլ իրավապաշտպան կազմակերպությունը դա համարում են Հայաստանում ամենատարածված մարդու իրավունքների խախտումը եւ հաճախ են մեղադրում իշխանություններին այդ երեւույթի վրա աչք փակելու համար:

«Էմնիսթի ինտերնեշնլ»-ը կրկին հնչեցրել է իր մտահոգությունը շարունակվող մեղադրանքների կապակցությամբ, թե Նաիրի Հունանյանը եւ «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված մյուս չորս ամբաստանյալները կտտանքների են ենթարկվել նախաքննության ընթացքում:

Դաքուորթի խոսքերով, Հունանյանն ու իր մեղսակիցները արդար դատավարության իրավունք ունեն՝ անկախ գործած հանցանքի ծանրությունից: Դաքոււրթը ասաց նաեւ, որ նրանք համապատասխանում են «Էմնիսթի ինտերնեշնլ»-ի՝ «քաղաքական բանտարկյալներ» սահմանմանը, քանի որ գործում առկա են «քաղաքական տարրեր»:

«Մենք կարծում ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը տեղավորվում է քաղաքական բանտարկյալների մեր սահմանման շրջանակներում, քանի որ որոշակի քաղաքական ձգտումներ կային նրանց կատարած հանցագործության պատճառների հետեւում», - բացատրեց նա: - «Մենք չենք ասում, թե քաղաքական դրդապատճառը զուտ քրեական ցանկացած արարքի դեպքում արդարացնում է այդ արարքը: Բայց մենք կոչ ենք անում, որ այդ մարդիկ ստանան արդար դատ»:

Հայաստանի խորհրդարանը շուտով քվեարկելու է Քրեական օրենսգրքից մահապատժի դե-յուրե վերացում եւ այն ցմահ բանտարկությամբ փոխարինում նախատեսող օրինագիծը: Սակայն, Ազգային ժողովի պատգամավորները ջանում են մի սողանց թողնել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդն իրականացնողներին մահապատժի ենթարկելու համար:



Էմիլ Դանիելյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG