Մատչելիության հղումներ

Կրկին բարձրացվում է Քոչարյանի պաշտոնանկության հարցը


Ազգային ժողովում «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը ներկայացրեց նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախագիծ:

Ազգային ժողովն այսօր ի գիտություն ընդունեց «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրեց այդ հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը:

Հիշեցնելով պատգամավորներին հանձնաժողովի առջեւ դրված նպատակը՝ ուսումնասիրել ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունը, Գագիկ Կոստանդյանը տեղեկացրեց, որ իրենց կատարած աշխատանքի վրա հիմնվելով հարուցվել են քրեական գործեր եւ այլն:

Քննարկումները ծավալվեցին հիմնականում հանձնաժողովի եզրակացության բովանդակած գնահատակնների շուրջ:

«Տեղի ունեցած ահաբեկչությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտականությունները լիարժեք եւ հստակ կատարեին պետական անվտանգությունը ապահովող մարմինները: Հանձնաժողովի աշխատանքը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե իշխանության թեւերի եւ քաղաքական ուժերի կողմից ստանար լուրջ աջակցություն», - նշված է եզրակացության մեջ:

Ներկայացված հաշվետվության շուրջ դեռ լուրջ բանավեճ չէր ծավալվել, երբ ամբիոն բարձրացավ «Հայաստան» խմբից պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը:

«Հենվելով հանձնաժողովի եզրակացությունների վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետություն նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գործողություններով պարբերաբար խախտել է Սահմանադրության եւ մի շարք օրենքների պահանջներ, ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը», - ասաց Ուլիխանյանը, ավելացնելով, թե հարցը, ըստ ԱԺ կանոնակարգի, հաջորդող եռօրյա նիստի օրակարգ է մտնում առանց քվեարկության դրվելու, ուստի իր եւ պատգամավորներ Գեղամյանի, Ազիզյանի, Բարսեղյանի եւ այլոց բարձրացրած խնդիրը, քննարկման է ենթակա արդեն հունիսի 10-ի ԱԺ հերթական եռօրյայում:

Հնչեցին եւ' կողմ եւ' դեմ ելույթներ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հանձնաժողովի ձեւակերպած եզրակացությունները սուբյեկտիվ համարեց: Իսկ ԱԺ կանոնակարգի հոդված վկայակոչելով նախագահի պաշտոնանկության հարցը օրակարգ մտցնելը որակեց որպես «պետության կայունությունը վտանգելու հերթական քայլ»:

Դեմ հանդես եկավ նաեւ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը՝ կրկնելով բացմիցս ասվածը, թե «Հոկտեմբերի 27»-ի խնդիրը երբեք չպիտի դառնա շահարկումների առարկա:

Իսկ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը փորձում էր փաստարկներ էր բերում հօգուտ Ղուկաս Ուլիխանյանի առաջարկը օրակարգում ընդգրկելու: «Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա, պատգամավորը կարող է ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա առօրյա նիստերի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ», - ԱԺ կանոնակարգից մեջբերեց Վիկտոր Դալլաքյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG