Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թեեւ երեկ հանգստյան օր էր, եւ կարելի էր վայելել, մի քանի խմբագրություն այսօր, այնուամենայնիվ, լույս են ընծայել իրենց անհետաձգելի ասելիքը: «Հայաստանի Հանրապետություն» թերթի ճակատին սեպագրված է. «Երեկ ավարտվեց Հայաստան - Սփյուռք հայահավաք երկրորդ խորհրդաժողովը, որն առավել խորհրդանշական դարձավ մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա զուգորդությամբ: Հայության այցյալի, ներկայի ու ապագայի երրորդությունը երեկվա օրվա ընդհանրացված արդյունքն էր՝ ապագան կերտող անցյալի ու ներկայի, անցյալը իմաստավորող ապագայի հաստատուն համոզմամբ, նախանշվող ու իրականացվող ծրագրերի գոյությամբ: Այդ էին վկայում երեկվա գիշերամուտի տոնական հրավառությունները»:

Ի դեպ, երեկվա ողջ օրը առանց որեւէ հատուկ տոնականության անցկացրած ու հաջորդ բուռն աշխատանքային օրվա համար ուժ ու եռանդ կուտակելու պառկած Երեւանում կեսգիշերից հետո հանկարծ դղրդացող հրավառությունը, ինչպես նկատել է թերթերից մեկը, «գուցե մի փոքր այնքան էլ այնպես չէր»: Ինչեւէ Հայաստան - Սփյուռք երկրորդ համահավաքի առաջնային արդյունք որպես, մամուլում շրջանառվում է նախագահ Քոչարյանի միտքը, որ այսքան հայերի հանդիպումը ինքնին հաջողություն է:

Ընդհանուր առմամբ, զարգացվում է եւ այն ամփոփումը, որ քննարկումներից կոնկրետ որոշումներ ու լուծումներ սպասելը իրատեսական չէր լինի: Ինչպես նշում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, խորհրդաժողովի առանցքային իրադարձությունները նախագահի ելույթն ու ընդունված հռչակագիրն էին: Վերջինս էլ, ըստ «Ազգ» թերթի մեկնաբանի փաստագրման, կոնկրետ խնդիրներ առաջ չէր քաշում: Ընդհանրապես, թեեւ ղեկավար ելույթներում այս խորհրդաժողովը նախորդից ավելի գործնական է որակված, զգացվում է, որ բուն գործնականությունը վերապահված է միայն ապագային: «Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հայրենիք - սփյուռք հարաբերությունները համակարգող մեկ մարմին ստեղծելու խնդրին, որի մասին, սակայն, եւ' սփյուռքում, եւ' Հայաստանում աղոտ պատկերացումներ ունեն», - արձանագրված է «Ազգ»-ում։ - «Կարծիքներն այնքան տարբեր էին եւ այնքան բազմազան, որ անհնար է որոշակիացնել։ Արտաքին գործերի նախարարությունը բոլոր առաջարկներն ու տեսակետները զետեղելու է ինտերնետային «Հայաստան - սփյուռք» էջում՝ բոլոր հետաքրքրասերներին հասու դարձնելու համար։ Ինչ կտան դրանք, այս պահին անհնար է նույնիսկ երեւակայել, քանի որ, ինչպես համաժողովի բացման ժամանակ էր հնչել՝ որոշումներ կայացնելու խնդիր չի դրվել»։

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները կապեր են հաստատում ոչ թե սփյուռքի հետ, այլ միայն սփյուռքի մեծահարուստների հետ, եւ այդ կապերը փոխշահավետ են ոչ այնքան մեր պետության ու ժողովրդի, որքան այդ մեծահարուստների եւ իշխանավորների համար», - գրում է այսօր «Առավոտ»-ի խնբագիրը: - «Հաճախ կարելի է լսել՝ «Սփյուռքը կթան կով մի՛ դարձրեք»: Իսկապես՝ շատ ցավալի է, երբ հայաստանցիները, արտասահմանում հայտնվելով, ընկնում են սփյուռքահայերի դռները եւ ծամոնի փող մուրում: Բայց դա այնքան սարսափելի չէ, որքան Հայաստանում սփյուռքահայ «ներդրողներին» գերարտոնություններ տալը, այդ թվում նաեւ՝ հայաստանցի գործարարների շահերը ոտնահարելով»: Այնպես որ, խնբագրի շեշտադրմամբ, Հայաստանն էլ ոմանց համար կթան կով պետք չէ դարձնել. - «Ամենուր, բացի քաղաքականությունից, իսկապես հնարավոր է փոխշահավետ համագործակցություն Սփյուռքի հետ: Եվ այստեղ Հայաստանը իր մակարդակով ավելի շատ բան ունի տալու Սփյուռքին, քան հակառակը... Իսկ քաղաքականության մեջ պետք է գերակշռի էտատիզմը՝ անել այն, ինչ ձեռնտու է Հայաստան պետությանը: Սփյուռքահայերի զգացմունքներին, տեսիլքներին, պահանջատիրությանը տուրք տալը կարող է հակասել մեր պետության շահերին», - ընդգծված է «Առավոտ»-ում: - «Այս տարածաշրջանում ապրելու ենք մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, եւ Գլենդելից կամ Բեյրութից մեզ հայրենասիրական «յորդորակներ» ուղարկելը շատ դյուրին գործ է: Այդ մարդկանց կարելի է խորհուրդ տալ. եթե այդչափ հայրենասեր եք, եթե ձեր սիրտը այդքան ցավում է Հայաստանի համար, ապա եկեք եւ ապրեք Հայաստանում»:

«Հայոց Աշխարհ» թերթը նոր մանրամասներ է փոխանցում նախօրեին Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Հովհաննիսյանի նկատմամբ գործարար Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնապահների կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ. «Ֆիզիկական բռնություններ գործադրելուց հետո դրա հեղինակները միջնորդավորված փորձում են նաեւ հոգեբանորեն ահաբեկել պատգամավորին: Նախորդ գիշեր, օրինակ, բանագնացներ են ուղարկել Մարտին Հովհաննիսյանի մոտ՝ որեւէ բողոք կանխելու առաքելությամբ»: Ինչպես հատուկ շեշտադրում է «Հայոց Աշխարհ»-ը, թեեւ ոմանք Ռուբեն Հայրապետյանին համարում են «իշխանությունների մարդը», տվյալ դեպքում միջնորդները նախկիններից են: Այսպես, ուրվագծվում է, որ արտառոց բռնարարքին հետեւած թերեւս միակ իրողությունը դառնա ընդամենը հարձակվողի քաղաքական կապերի հարստության բացահայտումը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG