Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գրասենյակը


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Երիտասարդության ազգային խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի, բազմաթիվ սփյուռքահայ հյուրերի մասնակցությամբ այսօր բացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի երեւանյան գրասենյակը:

Այս կազմակերպության հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Հայաստանի վարչապետը: Հիմնադրամի առաջնային նպատակը Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ կապերի հաստատումն է եւ համագործակցության զարգացումը: Նպատակներից են աջակցությունը Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական շարժումներին, համահայկական բնույթի երիտասարդական մասնագիտական եւ թեմատիկ հավաքների գումարումը եւ այլն:

«Հիմնադրամի նպատակները ամբողջությամբ տեղավորվում են Հայաստան - Սփյուռք վեհաժողովի գաղափարախոսության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանը: Ներկայումս Ծաղկաձորում ավարտվում են Համահայկական երիտասարդական կենտրոնին հատկացված շենքի հիմնանորոգման աշխատանքները: Այդ կենտրոնի ստեղծման համար 2 միլիոն դոլար է հատկացրել Լինսի հիմնադրամը:

«Կարեւոր է, որ սփյուռքի երիտասարդությունը, որ անջատված է իր արմատներից, գա եւ հայկական հողի վրա որոշ ժամանակ անցկացնի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լինսի հիմնադրամի ներկայացուցիչ Հարութ Սասունյանը: - «Մի բան է Հայաստանի մասին երազել կամ կարդալ եւ ուրիշ բան՝ կոնկրետ հողի վրա ապրել»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Հայաստան - Սփյուռք առաջին խորհրդաժողովի համեմատությամբ, երկրորդում առաջընթաց կա «գործնականության կտրվածքով»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG