Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայրենիք - Սփյուռք հարաբերություններում գործնականության նկատելի բացն ու ժամանակի կորուստը լրացնելուց զատ, այս երկրորդ խորհրդաժողովը նաեւ միասնությամբ պայմանավորված ոգեւորիչ լիցքերը նորովի թարմացնելու խնդիր ունի», - ձեւակերպել է «Հայոց Աշխարհ» թերթը, Հայաստան - Սփյուռք այս հավաքը ներկայացնելով լավատես մամուլին բնորոշ «Առաջընթաց կարձանագրվի», «Կարեւորը միասնությունն է», «Պահանջվում է կամք եւ վճռականություն» վերնագրերի ոգով:

«Նախագահ Քոչարյանի ելույթում առաջին համաժողովից հետո կատարված «կոնկրետ աշխատանքների» թվարկումն ինքը լավագույն ապացույցն էր այն փաստի, որ կոնկրետ աշխատանքներ գրեթե չեն կատարվել», - նշում է «Օրրան»-ի մեկնաբանը, ըստ որի՝ - «Հայաստանում իրենց բիզնեսը հիմնած բազմաթիվ սփյուռքահայերն էլ այսօր մեկ մտահոգություն ունեն միայն՝ մի կերպ փրկել իրենց կապիտալի գոնե մի մասը եւ շարունակել սիրել հայրենիքը, բայց՝ հեռվից»:

«Առավոտ»-ի խմբագրականի ուրվագծմամբ, նախընտրական խոստումները չկատարած Ռոբերտ Քոչարյանին այժմ հույժ անհրաժեշտ է Սփյուռքի առաջ հանդես գալ ազգը միավորողի դերում։ Սակայն այս անգամ դա առավել դժվար կլինի, քան 98-ին, որովհետեւ երեք տարի առաջ կայացած Համահայկական համաժողովի ժամանակ ստանձնած ծրագրերն այդպես էլ մնացին օդում կախված՝ սկսած երկքաղաքացիության խնդրից: Նոր խոսք է դիտվում միայն այն, որ Սփյուռքի որոշ գործարարներ կարողացան վերջերս Մայր հայրենիքի հետ տնտեսական գերշահավետ կապեր հաստատել՝ ձեռք բերելով մենաշնորհ արտոնություններ։ «Այդ գործարքները հավանաբար մեր տնտեսությանը զգալի վնասներ կհասցնեն» եւ իրականում թելադրված են այլ՝ քաղաքական անհրաժեշտությամբ, - ենթադրում է «Առավոտ»-ը։ - «Սպասվող ընտրությունների շեմին այսպես հաճախ է պատահում, երբ նախագահներն արտոնություններ շնորհելու դիմաց ձեռք են բերում տնտեսական շրջանակների ֆինանսական աջակցությունը»։

«Հայաստանի կոմունիստ» թերթի շեշտադրմամբ էլ, Հայաստան - Սփյուռք այս ողջ անցուդարձը գործնականում օգտակար է միայն հարուստ սփյուռքահայերի համար, ովքեր հույս ու հեռանկար են փայփայում «շահույթ ստանալու իրենք կիրքը իրացնել նաեւ հայրենիքում»: «Առայժմ Հայաստանը զանգվածաբար հայաթափվում է՝ խռոված հայրենի իշխանություններից: Հուսանք, որ սփյուռքի մեր հայրենակիցները հուսահատության նոր ալիք չեն բարձրացնի եւ չեն խթանի արտագաղթը իրենց՝ հայրենիքը չճանաչող շահասիրությամբ», - խրատել է «Հայաստանի կոմունիստը»:

«Սփյուռքահայերի մեծ մասը անձնական զրույցների ժամանակ նշում էր, որ իրենք հոգեբանական շատ ծանր վիճակում են», - մեկ այլ առումով առանձնացվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Մի կողմից, իրենք հայրենիքը տեսնում են որպես սրբություն եւ չեն ցանկանում հայությանը բաժանված տեսնել իրար թշնամի՝ իշխանության եւ ընդդիմության, մյուս կողմից, տեսնելով իշխանությունների «բանեցրած խաբեությունները»՝ իրենք էլ ակամա դառնում են ընդդիմադիր»:

Հայ դատի երեւանյան գրասենյակի տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանն էլ «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. «Ես ոչ մի սպասելիք չունեմ այս խորհրդաժողովից: Տուրիստ են, կգան, կշրջագայեն, կթողնեն կգնան: Ավելի լավ չէ՞ր՝ հյուրանոցների, ճանապարհածախսի ու մյուս փողերը հավաքեին, տային Հայաստանին, քան դատարկ-դատարկ ճառեր ասեին ու գնային, ինչը եղավ եւ նախորդ անգամ... Ո'չ նպատակն է հստակ, ո'չ կազմակերպական սկզբունքներն են հստակ, ո'չ իրավաբանական դաշտը: Է, հետո, միանանք, որ ի՞նչ անենք: Այս հարցի պատասխանը ոչ ոք՝ ո'չ կառավարությունը եւ ո'չ էլ սփյուռքը չեն տվել»:

Պուտին - Բուշ հանդիպման արդյունքներով «Հայկական ժամանակ»-ը այսօր արձանագրում է. «Ռուսաստանը գնացել է ռազմաքաղաքական լուրջ զիջումների՝ հատկապես Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում... Նրան փոխարինելու է գալիս ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան»: Հեռանկարը ավելի խոստումնալից է տեսնում «Հայոց Աշխարհ» թերթի տեսաբանը, որի ընկալմամբ, Ռուսաստանը ստանձնում է մայրցամաքի ուժերի ողջ հաշվեկշիռը դեպի արեւմտյան միակ բեւեռը թեքող գերտերության դերը, իր համար ապահովում «շունչ քաշելու» երկարատեւ մի շրջան, որի ընթացում «չի ունենա ո'չ ընդգծված բարեկամներ եւ ո'չ էլ ընդգծված հակառակորդներ, որոնց պատճառով երկու պարագայում էլ ինքը հարկադրված կլիներ ներքաշվել ծանր դիմակայությունների մեջ: Այս իրավիճակում, ենթադրվում է, որ «ԱՄՆ-ը կարող է «քարտբլանշ» տալ Ռուսաստանին՝ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար ցանկալի մոդելով»: Պուտին - Բուշ հանդիպման ընթացքում, այնուամենայնիվ, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ առաջարկություններ են եղել Ղարաբաղի հարցի վերաբերյալ, եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են այսպես հաճախ այցելել Երեւան, որպեսզի ծանոթացնեն դրանց:

Ներքին կյանքում գրանցվել է հերթական տհաճ միջադեպը. հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը երեկ դաժան ծեծի է ենթարկել ԱԺ պատգամավոր, մինչ այդ «Կրեդիտ Երեւան» բանկի նախագահ Մարտին Հովհաննիսյանին: «Մեզանում կարծեք բոլոր հարցերը բռունցքների եւ աքացիների միջոցով լուծելը տխուր, բայց հաստատուն ավանդույթ է դառնում», - անդրադառնում է «Հայոց Աշխարհ»-ը, հիշեցնելով, որ ժամանակին պատգամավոր, ներկայումս նախարար Վարդան Այվազյանի նկատմամբ նույն Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնապահների կողմից գործադրված բռնությունները մնացին առանց հետեւանքների»: Նույն զուգահեռներն է անցկացնում նաեւ «Օր» թերթը, որի հարցին, թե ինչպես դա տեղի ունեցավ, Մարտին Հովհաննիսյանը պատասխանել է. «Դե, որովհետեւ էս երկրում Նեմեց Ռուբոյի նման մարդիկ հաբռգում են, իրենց թվում է, թե իրենց ամեն ինչ կարող է թույլատրվել, եւ նույնիսկ հաշվի չառնելով, թե դիմացինն ով է, կարող են 10 հոգով թափվել անմեղ մարդու վրա... Բացատրելու բան չունեմ, ով որ ճանաչում է Նեմեց Ռուբոյին, գիտի: Պետությունը պիտի թույլ չտա, որ այդպիսի «իդիոտները» իրենց ամեն ինչ թույլ տան», - եզրափակել է տուժողը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG