Մատչելիության հղումներ

Հայաստան - Իրան ռազմական համագործակցությունն «օրակարգի մեջ չէ»


Երկուշաբթի հրավիրած ասուլիսում Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Քոլեյնին ասաց, որ երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից երկու ամիս առաջ ստորագրված համաձայնագիրը միայն քաղաքացիական նշանակություն է ունենալու:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ալի Շամխանին եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մարտի 5-ին Երեւանում ստորագրել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառում համագործակցության մասին հուշագիր: Երկու կողմերն էլ հայտարարել էին, թե դրանով սկիզբ է դրվում ռազմական ոլորտում համագործակցությանը:

Հայաստանում Իրանի դեսպանը, սակայն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ այդ համաձայնագիրը միայն քաղաքացիական նշանակություն ունի: «Ռազմական համագործակցությունը այսօրվա օրակարգի մեջ չէ», - ասաց Մոհամմադ Քոլեյնին:

Իրանին չթույլատրված սարքավորումներ առաքելու համար հայաստանյան «Լիզին» ընկերության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու առնչությամբ Քոլեյնին ասաց, թե այն, ինչ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ամբողջովին համապատասխանում է իրողությանը:

Ի կատարումն 2000 թվականին ընդունված Իրանում զենքերի չտարածման ակտի, Միացյալ Նահանգների կողմից՝ այս ամսից սահմանված պատժամիջոցները, ի թիվ մի շարք չինական ու մոլդովական ընկերությունների, տարածվել են նաեւ հայաստանյան «Լիզին» ընկերության վրա:

«Վաճառվել են մետաղյա սարքեր, որոնք սովետական շրջանում արտադրություն էին տալիս», - անցած ուրբաթ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Ուղղակի այդ սարքերի մեջ մետաղի բովանդակության ինչ-որ մի նյութի տոկոսը բարձր է եղել, որը պետդեպարտամենտը ասել է, որ երկակի օգտագործում կարող է ունենալ»:

Մոհամմադ Քոլեյնին նոր պարզաբանումներ չարեց՝ բավարար համարելով Հայաստանի արտգործախարարի ասածը: Քաղաքական գնահատականներ դեսպանն, այդուհանդերձ, հնչեցրեց: Նրա ձեւակերպմամբ, որոշ երկրներ հայտարարություներ են անում՝ նպատակ ունենալով հոգեբանորեն վերահսկել Հայաստան-Իրան հարաբերությունները:

«Այս առումով ես գտնում եմ, որ Իրանի եւ Հայաստանի գործակցությունը շարունակվում է միջազգային օրենքների չափանիշների շրջանակներում, եւ, կարծում եմ, երկուստեք հարաբերությունները, գործակցությունը հետագայում էլ ավելի կամրապնդվեն», - ասաց նա: - «Ոչ մի օտարերկրյա ուժ իրավունք չունի միջամտել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին»:

Նշվելով, որ Հայաստանի արտաքին առեւտրի 26 տոկոսը բաժին է ընկնում Իրանին, դեսպանը շեշտեց, որ արդեն սկսվում է նաեւ «արդյունաբերական համագործակցություն»:

Անցնելով ծրագրերին, դեսպանը նշեց, որ ակտիվանում են շփումները Քաջարանի թունելի շինարարության հարցում եւ որ հայկական կողմից «ավելի շատ ջանքեր են ակնկալում»:

Ինչ վերաբերում է գազի բնագավառում 2 երկրների գործակցությանը, ապա դեսպանը հայտնեց, որ արդեն պայմանավորվածություն կա այս շաբաթվա ընթացքում Թուրքմենստանում եռակողմ բանակցություններ սկսել՝ կարծիք հայտնելով, որ այդ բանակցությունները նշանակալից դեր կխաղան այդ հարցում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG