Մատչելիության հղումներ




«Թըրքիշ դեյլի նյուս»-ը հաղորդել է, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) համաժողովին: Թուրքական լրագիրը, մեջբերելով դիվանագիտական աղբյուրներ, պնդում է, թե Քոչարյանը հանդիպում է ունենալու Հեյդար Ալիեւի հետ, որը նույնպես մասնակցելու է համաժողովին:

Հայաստանը, մինչդեռ, հայտարարել է, որ հունիսի 24-ին ծրագրված է Քոչարյանի այցը Էստոնիա, Լատվիա եւ Լիտվա: Քոչարյանի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախագահի պաշտոնական շրջայցը ծրագրված էր ավելի վաղ, եւ Քոչարյանը չի պատրաստվում հետաձգել այն: Պարզ չէ, սակայն, թե ով է ներկայացնելու Հայաստանը Ստամբուլի համաժողովում:

Հինգշաբթի օրը Հայաստանի նախագահի խոսնակը հերքել է նաեւ ամերիկյան «Բիզնես ուիկ» հանդեսի հաղորդագրությունը, թե Քոչարյանն ու Ալիեւը հանդիպելու են մայիսի վերջին: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որը նաեւ Հեյդար Ալիեւի անձնական ներկայացուցիչն է Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանն ասել է, որ այս ամիս Պրահայում կայացած բանակցությունների ժամանակ իր հայ գործընկերոջն է հանձնել Ալիեւի եւ Քոչարյանի եւս մեկ հանդիպման մասին Բաքվի պաշտոնական առաջարկությունը: Ազիմովը նաեւ առաջարկել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հանդիպեն որեւէ միջազգային համաժողովի ժամանակ:

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե նախագահները նախապես ծրագրել էին հանդիպել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մայիսի վերջին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ: Սակայն գագաթնաժողովը հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 7-ը կարող է հետաձգել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը:


Հրայր Թամրազյան եւ Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG