Մատչելիության հղումներ

Բուշի եւ Պուտինի համատեղ հայտարարությունը տարբեր կերպ է մեկնաբանվում Հայաստանում եւ Ադրբեջանում





Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը, որով նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորել են ճկունություն եւ կառուցողական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, կարելի է ընկալել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աճող դժգոհության դրսեւորում՝ պայմանավորված բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությամբ:

Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը ներքին քաղաքականության պատանդն է դարձել Հայաստանում եւ Ադրբեջանում, ուր երկու նախագահներն էլ բավական վաղ ընտրարշավ են սկսել՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կոշտ ու անզիջում կարգախոսներով: ԵԱՀԿ միջնորդները որոշակի դժկամությամբ իրենց խաղաղարար ջանքերը համապատասխանեցրին փաստին, որ շոշափելի որեւէ զիջում խիստ անցանկալի է երկու նախագահների համար, որոնք չեն ուզում վտանգի ենթարկել իրենց վերընտրվելու հնարավորությունները:

Ադրբեջանն այսօր ողջունել է ԱՄՆ- Ռուսաստան համատեղ հայտարարությունը, նշելով, միաժամանակ, որ այդ երկու երկրները կարող են ավելին անել: «Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները չպետք է բավարարվեն կոչերով, այլ պետք է ուղղակիորեն ազդեն գործընթացի վրա», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

Ուրբաթ օրը Հեյդար Ալիեւը կոչ էր արել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունն ու արագացնել բանակցային գործընթացը: «Կարծում եմ, որ Ռուսաստանը, ավելի քան որեւէ այլ երկիր, կարող է կարող է որոշիչ դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծման գործում», - ասել է Ալիեւը Ռուսաստանի պետդումայի վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ հանդիպումից հետո:

Վերլուծաբանները Բաքվում ոգեւորված են Բուշի եւ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող համատեղ հայտարարությամբ, հույս տածելով, թե դա կարող է հանգեցնել աշխարհի երկու հզոր պետությունների ճնշմանը հայկական կողմի վրա, որպեսզի վերջինս փոխի իր «կոշտ» դիրքորոշումները: Ադրբեջանցի փորձագետ Ռասիմ Մուսաբեկովը ընդունում է, որ ներքին քաղաքականությունը մեծ դեր է կատարում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում: Տնտեսական նկատառումները, սակայն, կարող են վճռորոշ դեր ունենալ, քանի որ երկու երկրներում էլ տնտեսությունը շատ վատ վիճակում է, իսկ հակամարտության լուծման տնտեսական օգուտները հսկայական են:

Հայաստանի քաղաքական գործիչների արձագանքը ԱՄՆ-Ռուսաստան համատեղ հայտարարությանը միանշանակ չէ: Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը կարծում է, որ նախընտրական տարին լավագույն ժամանակը չէ հակամարտության լուծման համար: Ըստ մեկ այլ նախագահամետ կուսակցական գործչի՝ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, ընտրություններից առաջ հակամարտությունը լուծելու ցանկացած ջանք դատապարտված է ձախողման:

Ընդդիմադիր քաղաքական գործիչներից Արտաշես Գեղամյանի կարծիքով, Բուշի եւ Պուտինի ուղերձը հասցեագրված է ոչ թե Քոչարյանին եւ Ալիեւին, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, ըստ Գեղամյանի, կոչ է երկու երկրների ընտրողներին՝ ձայն տալ այն քաղաքական գործիչներին, ովքեր զիջումների հստակ ծրագիր ունեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացում:


Հրայր Թամրազյան եւ Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG