Մատչելիության հղումներ

logo-print



«Հայաստան» համահայակական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը իր հաշվետու զեկույցը սկսեց հաստատության ունեցած մուտքերի ներկայացմամբ: 2001 թվականին հիմնադրամի մուտքերը կազմել են շուրջ 5,4 միլիոն դոլար, ինչը 749 հազար դոլարով ավելի է 2000 թվականի ցուցանիշից:

2001 թվականի մուտքերի մեջ, ինչպես միշտ ծանրակշիռ է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Արգենտինայի մեր հայրենակիցների նեդրումները, ընդ որում, վերջին երկու երկրներից մուտքերը շոշափելիորեն ավելացել են:

Միացյալ Նահանգների հայությունը իր մուծումները «Հայաստան» հիմնադրամին պահել է նախորդ տարվա մակարդակում, սակայն այս տարի Արեւելյան ափը, ուր տեղակայված են Նյու Յորքն ու Վաշինգտոնը, ավելի մեծ ծավալներ է հանգանակել, քան Արեւմտյան ափը, որի հայահոծ կենտրոնը Լոս Անջելեսն է: Մուծումների մեջ առաջընթաց են արձանագրել Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Լիբանանը:

«2001-ի խճանկարում ամենաուրախալի եւ ամենաոգեւորիչ երեւույթը Հայաստանի մասնակցությունն է», - ասաց Վահան Տեր-Ղեւոնդյանը, տեղեկացնելով, որ 2000 թվականի համեմատությամբ հայաստանցիների նվիրատվություններն ավելացել են գրեթե հինգ անգամ՝ կազմելով մոտ 708 հազար դոլար:

Այս գումարի զգալի մասը Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների նվիրաբերումներն են, որոնցով Հայաստանի մասնակցության չափը համեմատելի է դառնում խոշորագույն համայնքների հանգանակություների հետ:

Վահան Տեր-Ղեւոնդյանը խոսեց նաեւ այն հիմնական ծրագրերի մասին, որոնք շարունակում են մնալ հիմնադրամի գործունեության առանցքում: Թեեւ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մի քանի հատվածների շինարարությունը, ամբողջ ծրագիրն ավարտելու համար հարկավոր է եւս 17 միլիոն դոլար:

Աղետի գոտին շարունակում է մնալ «Հայաստան» հիմնադրամի առաջնային գործունեության տիրույթում: Շահագործման են հանձնվել դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկություններ, բնակելի շենքեր Վանաձորում, Սպիտակում եւ այլուր:

«Իրագործված բազում ծրագրերը խոսուն վկայությունն են մեր ժողովրդի նախանձախնդիր վերաբերմունքի դեպի Հայրենիքը, դեպի Հայրենիքի ծաղկումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: - «Մենք հավատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը նոր զորաշարժի կենթարկի մեր ժողովրդի զավակաց, եւ նորանոր ծրագրեր կգան ուրախացնելու մեզ, շենացնելու մեր երկիրը»:

Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց , թե առաջնային նշանակություն ունի կենսախնդիր ծրագրերի որոշակիացումը եւ հետագա գործունեության կազմակերպումը արդեն դրանց ուղղությամբ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, թե հարկավոր է առանձնացնել այն ծրագրերը, որոնք համազգային կարեւորություն ունեն եւ որոնք պետությունը կամ առանձին կազմակերպություններ միայնակ իրականացնել չեն կարող:

«Այսօր առաջնային է մնում «Հյուսիս-հարավ» ծրագիրը, որը իրականացված է ընդամենը կիսով չափ, իսկ մեկ այլ ծրագիր գումարների տեղափոխումը կարող է վտանգել այս ծրագիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Հարությունյանը:

Այսօրվա նիստը վարում էր «Հայաստանի» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նիստից հետո կայացած ասուլիսում Քոչարյանը հիմնադրամի գործունեությունը գնահատեց նաեւ այն տեսանկյունից, որ այն վեր է որեւէ հատվածական մոտեցումից, վեր է որեւէ քաղաքական մոտեցումից, եւ միակ կառույցն է, ուր համայն հայությունը միավորել է ուժերը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG