Մատչելիության հղումներ

Թուրքահայ լրագրողն ասում է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի «սառած» վերաբերմունքը սկսել է «հալել»


Հայաստան - սփյուռք երկրորդ համաժողովի մասնակցելու, դրա աշխատանքը լուսաբանելու համար Երեւան ժամանած սփյուռքահայ լրագրողներից Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինկը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց իր տպավորությունը, թե անկախ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի՝ մինչեւ այժմ սառած դիրքորոշումը փոփոխություններ է կրում. «սառած վիճակը հալում է»:

«Կաթիլ- կաթիլ ասիկա հալել է՝ արագ հալել մը չէ: Բայց հույս տվող կաթիլներ են ասոնք», - ասաց Հրանտ Դինկը, ավելացնելով, թե թուրքահայերի ցանկությունն է, որ Հայաստանը եւ Թուրքիան ապրեն նորմալ հարեւանների պես: Հարցեր, նրա խոսքերով, միշտ կլինեն, բայց պետք չէ, որ դրանք հարաբերություններ հաստատելու համար նախապայման դառնան:

Թուրքիան այլ հարեւանների հետ էլ խնդիրներ ունի, ասաց Դինկը, որպես օրինակ նշվելով, որ Կիպրոսի խնդիրը առկա է, սակայն թուրք-հունական սահմանը բաց է:

Անդրադառնալով Հայաստան - սփյուռք հարաբերություններին, Հրանտ Դինկը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարությունում պետք է ստեղծվի սփյուռքի հարցերով զբաղվող առանձին նախարարություն, որը իր գրասենյակները պետք է ունենա բոլոր երկրներում, ուր հայեր են բնակվում:

Թուրքերեն եւ հայերեն լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիրը առաջին անգամ է Հայաստանում: Թուրքիայի իշխանությունները մի քանի ամիս առաջ են նրա նկատմամբ վերացրել 20 տարուց ավելի տեւած՝ երկրից դուրս գալու սահմանափակումը: Դինկի խոսքերով, դրա պատճառը ոչ թե լրագրողական գործունեությունն էր, այլ իր քաղաքական հայացքները: Թեեւ ինքը որեւէ կուսակցության անդամ չէ, սակայն ձախակողմյան, ժողովրդավարական հայացքներ ունի, գումարած հայ լինելու հանգամանքը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG