Մատչելիության հղումներ

Օսկանյանը մանրամասներ է հաղորդում «Լիզին»-ի վերաբերյալ


Հայաստանի արտգործնախարարը, կրկին հնչեցնելով, որ պետությունը որեւէ մասնակցություն չի ունեցել «Լիզին» ձեռնարկության կողմից Իրանին սարքավորումներ վաճառելու գործարքին, ուրբաթ օրը հրապարակեց որոշ մանրամասներ:

«Վաճառվել են մետաղյա սարքեր, որոնք սովետական շրջանում արտադրություն էին տալիս», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Ուղղակի այդ սարքերի մեջ մետաղի բովանդակության ինչ-որ մի նյութի տոկոսը բարձր է եղել, որը պետդեպարտամենտը ասել է, որ երկակի օգտագործում կարող է ունենալ»:

Ի կատարումն 2000 թվականին ընդունված Իրանում զենքերի չտարածման ակտի, Միացյալ Նահանգների կողմից այս ամսից պատժամիջոցներ են սահմանվել չինակական, մոլդովական եւ հայաստանյան ընկերությունների նկատմամբ, որոնք նպաստել են Իրանի կողմից զանգվածային ոչնչացման միջոցների ստեղծման ծրագրերի իրականացմանը: Պատժամիջոցների ենթակա ընկերությունները չեն կարող երկու տարվա ընթացքում ստանալ Միացյալ Նահանգների կառավարության օժանդակությունը, իրենց արտադրանքը վաճառել եւ պաշտպանական պարագաներ գնել Միացյալ Նահանգներում:

Անդրադառնալով մայիսի 27-29-ը Երեւանում կայանալիք Հայաստան - սփյուռք երկրորդ խորհրդաժողովին, Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ դրան կմասնակցեն սփյուռքի 45 երկրներ ներկայացնող 1500 պատվիրակ եւ նույնքան էլ՝ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից:

Խորհրդաժողովը կբացվի եւ կփակվի լիագումար նիստերով: Քննարկումները կընթանան նաեւ աշխատանքային խմբերում: Օսկանյանի փոխանցմամբ, խորհրդաժողովը կանդրադառնա հետեւյալ խնդիրներին. Հայաստան - սփյուռք կառուցվածքային-կազմակերպչական հարցեր, մամուլ եւ տեղեկատվություն, գործարարություն եւ տնտեսություն, կրթություն, մշակույթ եւ գիտություն:

Կխոսվի նաեւ արտաքին քաղաքականություն՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, ԱՄՆ-ում, Արեւմտյան Եվրոպայում եւ Ռուսաստանի Դաշնությունում լոբբիստական աշախատանքների կազմակերպման մասին:

Իսկ խորհրդաժողովին կնախորդեն տնտեսական խնդիրներին նվիրված նիստ՝ աշխարհի տարբեր երկրների առեւտրի կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG