Մատչելիության հղումներ

Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրության, Ղարաբաղում չկա ժողովրդավարություն


Լեռնային Ղարաբաղում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ Ստեփանակերտի մամուլի ակումբի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներով, հարցվածների 49 տոկոսի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում չկա ժողովրդավարություն: Հարցվածների միայն 30 տոկոսն է դրական գնահատել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գործունեությունը, մինչդեռ 42,4 տոկոսը այն բացասական են որակել: Կառավարության գործունեությունից դժգոհ են հարցախույզով ընգրկվածների կեսից ավելին, իսկ իրավապահ մարմիններից՝ 60,1 տոկոսը:

Ստեփանակերտից եւ հանրապետության 5 շրջաններից 1000 մարդ ընդգրկած հարցախույզը վերհանել է սոցիալական ու տնտեսական պայմանների բացասական գնահատականը: Հարցվածների ավելի քան 80 տոկոսի կարծիքով, կառավարությունը ոչինչ չի անում տնտեսությունը բարելավելու համար:

Ղարաբաղցիները բացասական կարծիք ունեն նաեւ լրատվամիջոցների վերաբերյալ: Հարցվածների ավելի քան 60 տոկոսը պատասխանել են, որ արցախյան լրատվամիջոցներն օբյեկտիվորեն ու լիովին չեն լուսաբանում երկրի քաղաքական կյանքը եւ որ իշխանությունները հաշվի չեն առնում հասարակական կարծիքը:

Հարցախույզի տվյալներով, քաղաքական ուժերից ու կուսակցություններից ամենաբարձր վարկանիշը Ղարաբաղում ունի Դաշնակցությունը: Այդպես են մտածում հարցվածների ավելի քան 21 տոկոսը: Երկրորդ տեղում Արցախի կոմունիստական կուսակցությունն է՝ 16,6 տոկոսով: Իշխանական համարվող նախագահամետ «Ժողովրդավարական Արցախ» միությունը ստացել է ընդամենը 11,4 տոկոս:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակներից 49 տոկոսը հավանություն է տվել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորմանը, «Լեռնային Ղարաբաղն իբրեւ անկախ պետություն» տարբերակը ընտրել են 43 տոկոսը: Հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից են հարցվածների ավելի քան 70 տոկոսը, եւ միայն 20 տոկոսն է պատասխանել. «խաղաղ, սակայն եթե չհաջողվի՝ ռազմական ճանապարհով»: «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքն անընդունելի է հարցվածների ավելի քան 60 տոկոսի համար: Եվ վերջապես հարցախույզով ընդգրկվածների կեսից ավելի են կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG