Մատչելիության հղումներ

«Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի հիմնական նպատակը ձեռնարկությունների շահագործումն է, ասում է Սերժ Սարգսյանը


Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ Ռուսաստանին ունեցած 97 միլիոն դոլար պարտքի դիմաց հայաստանյան մի շարք ձեռնարկությունների վերահսկիչ փաթեթների՝ ռուսական կողմին փոխանցելու հիմնական նպատակը ոչ թե պարտքի մարումն է, այլ փոխանցվող ձեռնարկությունների «ծանրաբեռնումն է», դրանց շահագործումը:

Սերժ Սարգսյանը դժվարացավ ասել, թե երբ կավարտվի «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրականացումը, որովհետեւ, իր իսկ խոսքերով, «այս պրոցեսը լինելու է հարատեւ»: Նախարարը ճշտեց, որ հարատեւ է լինելու «ոչ թե ձեռնարկությունների փոխանցելը ռուսական կողմին», այլ գործընթացը շարունակվելու է, ասենք՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ:

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահը տեղեկացրեց նաեւ, որ պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվող ձեռնարկություններից Հրազդանի ՋԷԿ-ի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկները Հայաստանը կստանա երեք օրվա ընթացում: Հայկական կողմը դրանք կքննարկի առաջիկա տասը օրվա ընթացքում, ինչից հետո կսկսվեն «բանակցությունները փոխանցման կոնկրետ արժեքի եւ այլնի մասին»:

Բացի Հրազդանի ՋԷԿ-ից, Ռուսաստանին են փոխանցվելու նաեւ «Մարս» էլեկտորային սարքավորումների գործարանը եւ նախկին Խորհրդային Միության ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտնող երեք ձեռնարկություն:

Սերժ Սարգսյանը հերքեց մամուլի՝ ադրբեջանական աղբյուրների վկայակոչմամբ հրապարակումները, թե ազատագրված տարածքներում կատարվում են ականազերծման աշխատանքներ: Սարգսյանն ասաց, որ դա այն աշխատանքը չէ, որ հնարավոր լինի գաղտնի տանել:

«Մեր սահմանների եւ ոչ մի մետրում այսօր ականազերծման աշխատանքներ չեն կատարվում», - ասաց պաշտպանության նախարարը: - «Որ սկսենք ականազերծման աշխատանքներ, մենք որեւէ մեկից չենք թաքցնելու»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG